Հեծանիվը մասսայականություն է ձեռք բերում Հայաստանում

10:46, 1 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2013-ի առաջին եռամսյակում հեծանիվների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 61 տոկոսով ավելացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 14 հազար 700 հեծանիվ՝ 268 հազար 200 դոլար մաքսային ընդհանուր արժեքով: 2012-ի նույն ժամանակահատվածում ներմուծվել է 9 հազար 100 հեծանիվ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ վերջին 3 տարիներին Հայաստան ներմուծված հեծանիվների քանակը միայն ավելացել է: 2010-ին մեր երկիր է ներմուծվել 25 հազար 400 հեծանիվ, 2011-ին՝ 35 հազար 900,  2012-ին՝ 39 հազար 300: Նշված տվյալները վկայում են Հայաստանում հեծանիվի պահանջարկի ավելացման մասին: 

Չինաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը, Թայվանն ու Ճապոնիան արտադրում են աշխարհում վաճառվող հեծանիվների գերակշիռ մասը: 2013-ին աշխարհում 56 միլիոնից ավելի հեծանիվ է արտադրվել: Հեծանիվների արտադրությունն աշխարհում բուռն աճ է գրանցել 1970-ից սկսած՝ տարեկան մոտ 20 միլիոնից 2000-ին դառնալով 100 միլիոն, այնինչ ավտոմեքենաների արդադրությունը նշված շրջանում միայն կրկնապատկվել  է` մոտ 20 միլիոնից դառնալով 40 միլիոն: Հեծանիվը զգալի առավելություններ ունի այլ փոխադրամիջոցների համեմատ: Այն էկոլոգիապես մաքուր է,  առողջարար, վառելիքի ծախս չի պահանջում, համեմատաբար էժան է, հնարավորություն է տալիս խցանումներն արագ հաղթահարել եւ այլն:


© 2009 ARMENPRESS.am