Եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ Դիլիջանում մասնակցել «Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացին

10:13, 20 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջան քաղաքում մայիսի 10-ից 18-ը անց է կացվել «Երիտասարդների գործազրկություն: Աշխատում ենք աշխատանք գտնելու ուղղությամբ» դասընթացը: Դասընթացին շրջանակներում Դիլիջան էին ժամանել  35 երիտասարդներ Եվրոպական մի շարք երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Բելառուսից, Ուկարինայից, Վրաստանից, Մոլդովայից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից և Հայաստանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ մամուլի ծառայությունից, դասընթացը նպատակ էր հետապնդում երիտասարդներին զինել աշխատաշուկայում հեշտությամբ ներգրավվելու փորձով, գիտելիքներով և հմտություններով: Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի շրջանակներում 7 աշխատանքային օրերի ընթացքում երիտասարդները կիսվել են գործազրկության վերաբերյալ իրենց կարծիքներով ու գաղափարներով, ինչպես նաև սովորել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակներ գրելու տեխնիկան, աշխատանքային հարցազրույցի պատրաստվելու հմտությունները, քննարկել, թե ինչպես կարելի է կամավորությունը օգտագործել որպես աշխատաշուկա մտնելու միջոց:

Դասընթացի շրջանակերում անցկացվող վարժությունների, եվրոպական լավագույն փորձի քննարկման, երիտասարդների գործազրկության վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով նախաձեռնության հեղինակները ցանկանում են խրախուսել և ոգեշնչել երիտասարդներին հետագայում իրենց երկրներում միջոցներ ձեռնարկել և օգնել այլ գործազուրկ երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում:


© 2009 ARMENPRESS.am