Զինված ուժերում սպա-հոգեբաններ կլինեն. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

12:42, 5 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 5-ի նիստում ձայների 107 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախագիծը ենթադրում է Զինված ուժերի համալրում` հոգեբանության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, ում կշնորհվի սպայի կոչում: 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ սպա-հոգեբան պետք է լինի ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր գնդում. դրանք ողջամիտ ժամկետերում կհամալրվեն համապատասխան մասնագետներով: Նազարյանի խոսքով` նոր ինստիտուտի ներդրման ժամանակ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, բայց առաջին հերթին`մեր իրականությունը:

«ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն`զորամասերում նոր հաստիքներ են ներդրվելու` գնդի սպա հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւս կարեւորել է գնդի սպա-հոգեբանի հաստիքի առկայությունը, քանի որ եթե քաղաքացիական կյանքում հոգեբանի մասնագիտական աջակցությունը մեծ դեր ունի, ապա այն էլ ավելի կարեւոր է զինծառայողների դեպքում։ Նահապետյանի համոզմամբ` նոր ինստիտուտի ներդրումից հետո արդյունքները նկատելի կլինեն: Նա կարեւորել է նաեւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի ինստիտուտի ներդրումը։


© 2009 ARMENPRESS.am