Ալեն Դելոնն այցելեց Սուրբ Էջմիածին

13:33, 18 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն  դեկտեմբերի 18-ին ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ է կատարել նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքն է հայտնել նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին:


© 2009 ARMENPRESS.am