Ալեն Դելոնը ժամանեց Հայաստան

22:34, 17 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: Հայաստանյան այցը տեղի ունեցավ «AP cinema» կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, ով ֆիլմի համապրոդյուսերն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալեն Դելոնը դեկտեմբերի 18-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում: Դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:

Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:


© 2009 ARMENPRESS.am