Երիտասարդական պետական նոր ռազմավարությունը կլինի «մարզակենտրոն». Արսեն Քարամյան

18:45, 27 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակում է Երիտասարդական պետական քաղաքականության նոր ռազմավարություն: Իսկ նախորդը, որն ընդունվել էր 2008-2012 թվականների համար, արդեն ավարտվում է: Այս մասին նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Նախորդ ռազմավարության շրջանակներում իրականացված քայլերն ամենահամեստ գնահատականներով պետք է գնահատել բավարար: Անշուշտ, մեզ չհաջողվեց իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք դրված են եղել ռազմավարության հիմքում: Այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ միջազգային ամենատարբեր կազմակերպությունների օժանդակությամբ: Կազմակերպվել են հանրային լայն քննարկումներ, հատկապես արդյունավետ են եղել մարզերում կազմակերպված քննարկումները: Ապագա ռազմավարությունը պետք է լինի մարզակենտրոն, այսինքն` էական որոշ խնդիրների լուծումներն ու մեխանիզմները վերաբերում են մարզերին»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Քարամյանը:


© 2009 ARMENPRESS.am