ՀՀ Նախագահն ընդունել է թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ պատվիրակությանը

21:12, 26 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, պատվիրակության մեջ ամենատարբեր մասնագիտության տեր անձինք են` քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, զինվորականներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ:

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել մրցաշարը Երևանում անցկացնելու՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի, Տիեզերագնացների թենիսի ակումբի ու մրցաշարի մյուս կազմակերպիչների նախաձեռնությունը: Հասարակության մեջ մեծ հարգանք վայելող անձանց մասնակցությամբ նման միջոցառումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծապես նպաստում են պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Կոնստանտին Զատուլինի անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հանդիպմանը ներկա ՌԴ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ թենիսի միջազգային մրցաշարը Երևանում անցկացնելու գաղափարը սատարելու և այն Նախագահի բարձր հովանու ներքո անցկացնելու համար: Կոնստանտին Զատուլինը նշել է, որ արդեն ավանդական դարձած սիրողական մակարդակի նման մրցաշարերի անցկացումը նպաստում է ժողովուրդների բարեկամությանն ու տարբեր մասնագիտության տեր անձանց միջև սերտ կապերի հաստատմանը:

Նա տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այսօր կազմակերպական բարձր մակարդակով և հաջողությամբ են մեկնարկել մրցաշարի առաջին օրվա խաղերը: «Թենիսի տապան-2012» մրցաշարին մասնակցող ՌԴ պատվիրակության անդամները Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել մրցաշարը Երևանում դարձնել ավանդական՝ ամենամյա: Նախագահը հաջողություն է մաղթել մրցաշարին, իսկ մասնակիցներին՝ բարձր տրամադրություն և հաճելի օրեր Հայաստանում:


© 2009 ARMENPRESS.am