Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

14:14, 6 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին:

Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսևորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը և հայ մարդու ազնվագույն որակները:

Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաև որպես անվանի հասարակական գործիչ և բազմավաստակ մանկավարժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»:


© 2009 ARMENPRESS.am