Էստոնիայի խորհրդարանի նախագահը մասնակցել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը

09:37, 27 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տալինում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը ելույթով հանդես է եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով ներկայացրել է պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձել հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ընդունելությանը հնչել են հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ:


© 2009 ARMENPRESS.am