Զաքար Խաչատրյանի նորաբաց ցուցահանդեսը նվիրվեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակին

18:55, 11 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զաքար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գնահատում արեց, որ Արտաշես Հովսեփյան եւ Զաքար Խաչատրյան անունները հզոր երեւույթներ են հայ մշակույթի պատմության  մեջ: Նրա խոսքով` թեեւ ուշացումով, բայց ճիշտ պահին է սպասված ցուցահանդեսն իր դռները բացում այցելուների առջեւ:

«Պատկերասրահի տարբեր սրահներում կարելի է հանդիպել մեծ վարպետի ստեղծագործություններին, ես երախտապարտ եմ նման ուսուցիչ ունենալու համար», -ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ Հայաստանում նման նկարիչ ունենալը մեծ ուրախություն է: «Կեցցե այն նկարիչը, ով ավանդույթներ է պահպանում եւ չի ընկնում մոդայի հետեւից»,- ասաց Աղամյանը:

«Շատ հուզված եմ, հատկապես այն բանի համար, որ, որպես շնորհակալություն, իմ ցուցահանդեսը նվիրվել է համալսարանի 90-ամյակին»,-ասաց Հայաստանի եւ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում: 30-ականներին վերջին նա ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտ: 1970-ականններից սկած, իսկ 1981-1992 թվականներին արդեն որպես ամբիոնի վարիչ դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչական բաժնում: 


© 2009 ARMENPRESS.am