ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

18:23, 3 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը սեպտեմբերի 3-ին Մոկվայում ընդունել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` վերջինիս խնդրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը` կապված Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացված վերջին գործողությունների հետ, որի հետեւանքով ոճրագործ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին: Հանդիպման ընթացքում նաեւ լուրջ մտահոգության առիթ է դարձել կատարվածի հետեւանքով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հնարավոր բացասական զարգացումների միտումը:

2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայում Սաֆարովին դատապարտեցին ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը  ներման արժանացել այդ երկրի կողմից: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:


© 2009 ARMENPRESS.am