Ադրբեջանը տարօրինակ որոշում է կայացրել. Շվեդիայի ԱԳ նախարար

16:56, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը որակել է «տարօրինակ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, իր Twitter-յան էջում նա գրել է. «Ադրբեջանը տարօրինակ որոշում է կայացրել` ներում շնորհել մի մարդասպանի, ով Հունգարիայում հայ է սպանել: Պետք է օրենքը կիրառվի»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: 


© 2009 ARMENPRESS.am