Մարդասպանին ներելու Ադրբեջանի քայլը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից. Շարմազանով

15:39, 31 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հունգարիայում հայ սպային կացնահարած, հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլին: «Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,- «Արմենպրես»-ին ասաց Էդուարդ Շարմազանովը: 

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը տարածել է Ալիեւի` օգոստոսի 31-ին ստորագրած կարգադրության տեքստը, որում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն, անանուն աղբյուրներ վկայակոչելով, նշել են, որ Ռամիլ Սաֆարովն էքստրադիցիայի է ենթարկվել եւ արդեն Ադրբեջանում է:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:  


© 2009 ARMENPRESS.am