Մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող դպրոցները ջեռուցման անհատական համակարգերով կապահովվեն

18:15, 30 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ օգոստոսյան խորհրդակցությունը առիթ է ամփոփելու կրթության ոլորտում արձանագրած արդյունքներն ու քննարկելու նոր ուսումնական տարվա անելիքները: «Անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված բավականին մեծ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք զգալի ձեռքբերումներ, սակայն անելիքները ևս դեռ շատ են, ուստի պահանջվում է համատեղ օր ու գիշեր աշխատանք:  Ձեռք բերված հաջողությունները արդյունք են նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ արդյունավետ աշխատանքի: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լինելու է շարունակական և մենք կարողանալու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին համատեղ լուծում տալ: Ձեզ վստահված աշխատանքը մեծ  պատասխանատվություն է պահանջում ապագա սերնդի հայեցի դաստիարակաման ու պետության արժանի քաղաքացի կրթելու գործում: Վստահ եմ նաև, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կունենանք կիրթ և գրագետ սերունդ»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011-2012թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Որպես անցած ուսումնական տարվա կարևորագույն ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաև մի շարք բարեփոխումներ: Հանրակրթության վարչության պետի զեկույցի համաձայն, քաղաքապետի հանձնարարությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1028  աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել  մայրաքաղաքի 33 դպրոցում, որտեղ  նրանց համար ապահովվել են համապատասխան պայմաններ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով։

Անդրադառնալով աշակերտների գիտելիքների գնահատման նպատակով կազմակերպվող առարկայական օլիմպիադաներին, նշվել է, որ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` սոցիալապես անապահով ընտանիքների՝  1-ից 4-րդ դասարանների 6920 աշակերտներ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ստացել են պայուսակներ, գրենական  պիտույքներ։

Բարեկարգման, ծառապատման և կանաչապատման նպատակով չափագրվել են կրթական հաստատությունների մերձակա տարածքները: 39 դպրոցների և 53 մանկապարտեզների հատկացվել են խոտհնձիչներ։

Որպես դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակության ապահովում կարևորվել է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի 58475 աշակերտների այցը Երևանի թվով 9-ը թատրոն, 14 թանգարան,  ֆիլհարմոնիա, Ալ. Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական  թատրոն, Ա.Խաչատրյանի  անվան մեծ համերգասրահ և Մատենադարան։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր գնահատելով քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը` ընդգծել է, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ Երևան քաղաքում ԿԳ նախարարությունը ունի վստահելի և հուսալի գործընկեր: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` ի դեմս քաղաքապետի, այն հանգամանքի համար, որ մայրաքաղաքը լինելով Հայաստանի գիտակրթական, ինտելեկտուալ կենտրոնը, այսօր ստանում է ավելի լավ միջավայր, ավելի լուսավոր փողոցներ, կանաչապատ ավելի շատ տարածքներ, ինչն իր հերթին ապահովում է ավելի լավ կրթական միջավայր ու ավելի հաճելի առօրյա: Իհարկե, սա չի կարող չազդել Երևանում տեղակայված ուսումնական ու գիտական հաստատությունների գործունեության ու աշխատակիցների տրամադրության և վերաբերմունքի վրա»,- նշել է նախարարը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ջեռուցման անհատական համակարգերով ապահովելու ծրագիրը:

«Մինչև դեկտեմբերի 1-ը մենք կավարտենք քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ:

Երկու կրթօջախներում էլ այսօր լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը` կրթօջախի հավատարիմ շրջանավարտի հովանավորությամբ: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցների հարկաբաժիններում, զրուցել շինարարների հետ, ծանոթացել կատարված ու իրականացվող աշխատանքների ընթացքին:  


© 2009 ARMENPRESS.am