Մեծ Բրիտանիան աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի ձևաչափում

12:42, 27 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Բեյթմանը:

«Մենք պատրաստ ենք մեր եվրոպական գործընկերների հետ անել ամեն հնարավորը խաղաղ կարգավորման համար` հիմնվելով ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների»,- նշել է Բեյթմանը:

Այն հարցին, թե ինչպես է դիվանագետը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և արդյոք Մեծ Բրիտանիան կողմ է տվյալ գործընթացում Եվրամիության դերի ակտիվացմանը, Բեյթմանը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում Մեծ Բրիտանիան չի հանդիսանում առանցքային դերակատար և այս հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն` համանախագահող երկրների գլխավորությամբ:

Անդրադառնալով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման օրինակի կիրառելիությանը Լեռնային Ղարաբաղի դեպքում` Բեյթմանը նախ նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության առաջացման նախադրյալները տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Այդուհանդերձ նա ընդգծել է, որ այդ գործընթացներում կան ընդհանուր գծեր, որոնք անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ղարաբաղյան հակամարտւթյան կարգավորման համար:


© 2009 ARMENPRESS.am