Չինացի պաշտոնյաներին այսուհետ կարգելվի գնել պերճանքի առարկաներ

16:04, 10 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը պետական կառույցներին կարգելի բյուջեի միջոցները ծախսել պերճանքի առարկաներ գնելու համար: Այդ մասին հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը: Նոր կանոնների սահմանումը պայմանավորված է նման ծախսերի առնչությամբ բնակչության դժգոհությամբ, ինչը շատերի կողմից դիտվում է որպես կոռուպցիայի մի տեսակ:

Սահմանափակումները մտցվել են բարձրաստիճան կուսակցական գործիչների հետ կապված մի շարք սկանդալներից հետո, մասնավորապես, Չունցին քաղաքում Չինաստանի կոմունիստական կուսակցության նախկին քարտուղար Բո Սիլայի մասնակցությամբ, ով համարվում  էր ՉԺՀ-ի նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը` տարեվերջին Հու Ցզինտաոյի պաշտոնաթողությունից հետո:

Չինաստանի պաշտոնյաները 2004 թ. 408,5 միլիարդ յուան (շուրջ 64 մլրդ դոլար) են ծախսել տրանսպորտային միջոցների, 200 մլրդ յուան՝ պետության հաշվին սնվելու եւ 300 մլրդ յուան՝ արտասահմանյան գործուղումների վրա: Թեեւ նոր տվյալներ չեն նշվում` կարելի է ենթադրել, որ այդ ծախսերն աճել են մի քանի անգամ:

Չինաստանի իշխանությունները սահմանափակիչ միջոցառումներն արդարացնում են ՉԺՀ-ի հիմնադիր Մաո Ցզեդունի ասույթներից արված քաղվածքներով, ով հորդորում էր կոմկուսի անդամներին «լինել համեստ ու չափավոր» եւ ապրել «պարզ կյանքով»: Կանոնները կսահմանվեն հոկտեմբերի 1-ից:


© 2009 ARMENPRESS.am