Ֆրանսիայում մեկնարկել են ամառային սպառավաճառքները

14:10, 27 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի խոշորագույն հանրախանութները լեփլեցուն են հունիսի 27-ին Ֆրանսիայում մեկնարկած ամառային սպառավաճառքների՝ «սոլդերի» կապակցությամբ: Չնայած Եվրոպայում տիրող ֆինանսական ճգնաժամին, փարիզյան խոշոր առեւտրական ցանցերի ներկայացուցիչները բավականին լավատեսորեն են տրամադրված: Նրանց կանխատեսումների համաձայն՝ միջին գումարը, որը գնորդն այս տարի կծախսի սպառավաճառքների շրջանում, անցյալ տարվա համեմատությամբ կնվազի աննշան չափով՝ մոտավորապես 25 եվրոյով, եւ կկազմի շուրջ 220 եվրո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Առավոտվանից Ֆրանսիայի մայրաքաղաքի առեւտրի կենտրոնների, խանութների եւ կրպակների մեծ մասը, հատկապես Ելիսեյան դաշտերում գտնվողները, անսովոր մարդաշատ են.  փարիզյան նորաձեւությունը գնահատողների հետ միասին այստեղ են նաեւ զբոսաշրջիկներ, որոնք հատուկ Փարիզ են ժամանել այս օրերին, որպեսզի մասնակցեն զեղչերի մարաթոնին: Ակնկալվում Է, որ առաջին օրը քաղաքի խանութներ կայցելի 140 հազարից ավելի մարդ:

Այսօրվանից զեղչեր են գործելու բոլոր ապրանքատեսակների համար՝ սկսած հագուստից եւ աքսեսուարներից, որոնք ցուցադրված են ժողովրդականություն վայելող Gucci, Christian Dior, Valentino կրպակներում, մինչեւ ցանցային խանութների լայն սպառման ապրանքները: Այս տարի զեղչերն զգալի են. հանրախանութներում եւ ինտերնետ-խանութներում դրանք հասնում են միջինը 40-50 տոկոսի:

«Իպսոս» մարկետինգային գործակալության տվյալների համաձայն՝ ամառային «սոլդերի» ժամանակ Ֆրանսիայի առեւտրի կենտրոններն ապահովում են իրենց տարեկան եկամտի շուրջ 30 տոկոսը: Հարցման տվյալների համաձայն՝ ֆրանսիացիների մինչեւ 80 տոկոսը հատկապես այս շրջանում են զանգվածային գնումներ կատարում՝ սպառավաճառքները համարելով ոչ թե պարզապես ցածր գներով ապրանքների ձեռքբերում, այլ մի ամբողջ ավանդույթ:

Զեղչերի շրջանը Ֆրանսիայում կտեւի հինգ շաբաթ եւ կավարտվի հուլիսի 31-ին:


© 2009 ARMENPRESS.am