Օրհուսի կոնվենցիան Իսկոյանի երկրորդ Աստվածաշունչն է

11:38, 25 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիան շրջադարձային փաստաթուղթ է նախկին խորհրդային երկրների համար: Այն ստորագրվել է  Դանիայի  Օրհուս քաղաքում 1998 թվականի հունիսի 25–ին` շրջակա միջավայրի նախարարների  չորրորդ համաժողովի ժամանակ, «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում 44 երկրների կողմից: Փաստաթուղթը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է  2001 թ.  մայիսի 14-ին: Կոնվենցիայի Կողմերը  ստանձնել են որոշակի օրենսդրական պարտավորություններ: Որո՞նք են այդ պարտավորությունները, ի՞նչ   աշխատանք է կատարել Հայաստանը կոնվենցիայի Կողմ դառնալու տասը տարիների ընթացքում, ի՞նչ ծրագրեր եւ  շտկման ենթակա թերություններ են առկա ոլորտում. «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանում Օրհուսի կենտրոնի ազգային համակարգող, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի հետ, մարդ, ով  Օրհուսի  կոնվենցիան կեսկատակ- կեսլուրջ  համարում է իր երկրորդ Աստվածաշունչը:

 

-Տիկին Իսկոյան, Օրհուսի կոնվենցիան ի՞նչ առավելություններ է տալիս  եւ ի՞նչ պարտավորություններ սահմանում Կողմ դարձած պետությունների համար:

 

-Հայաստանը 16 –րդ երկիրն էր, որը վավերացրեց այս փաստաթուղթը, եւ այն ձեռք բերեց մեր երկրում իրավաբանական ուժ: Այնպես որ,   2001–ից սկսած, եթե նույնիսկ մեր օրենսդրության մեջ բացակայում է Կոնվենցիայի գործողության ոլորտի հարաբերությունները կարգավորող որեւէ նորմ, կամ կան որոշակի հակասություններ, ապա գործում են Օրհուսի կոնվենցիայի դրույթները: Դրական փաստ է, որ դատարանները նույնիսկ մինչ վավերացումը արդեն փորձում էին կիրառել կոնվենցիայի դրույթները: Այսօր մենք ունենք մի շարք դատավճիռներ, որոնց հիմքում Կոնվենցիան է: Վերջինիս  մյուս բոլոր  միջազգային  փաստաթղթերից տարբերակող գլխավոր առանձնահատկությունը այն է, որ եթե այլ համաձայնագրերում Կողմերը  պատասխանատվություն  են կրում մեկը մյուսի հանդեպ, ապա այս դեպքում Կոնվենցիան  է սահմանում տվյալ երկրի պարտավորություններն իր հասարակության հանդեպ: Կյանքը ցույց տվեց, որ մինչեւ  Օրհուսի կոնվենցիայի ընդունումը հասարակությունը  այդքան իրազեկ չէր բնապահպանական հիմնամնախնդիրների, ոլորտի` իր իրավունքների եւ պարտականությունների մասին:

 

-Որքանո՞վ է Կոնվենցիան համապատասխանում մեր ազգային օրենսդրությյանը` Սահմանադրությանը:

- Առաջին անգամ շրջակա միջավայրի պահպանությունն ամրագրվեց 1995 թ. ՀՀ Սահմանադրության մեջ` որպես պետության գործառույթ, 2005–ին որոշակի փոփոխություններ իրականացվեցին: Պետք է ընդգծեմ, որ առաջարկն արվել էր մեր կողմից, եւ  33.2 հոդվածն ավելացվեց որպես լիովին նոր հոդված, այն սահմանում  էր մարդու` առողջ, բարենպաստ  շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, շրջակա միջավայրի պաշտպանությունը: Ինչպես նաեւ  եւս մեկ կարեւոր դրույթ` պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` էկոլոգիական  տեղեկատվություն չտրամադրելու կամ խեղաթյուրված  տրամադրելու համար:

 

- Օրհուսի կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ Կոնվենցիային մասնակից 44  երկրներից միայն 6-ի աշխատանքն է բացասական  գնահատվել, Հայաստանի վերաբերյալ կա 2 որոշում` այն, որ  ձախողված է Կոնվենցիայի իրականացումը եւ խախտված է գլխավոր դրույթը` տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, արդարադատության մատչելիությունըկպարզաբանե՞ք այս իրավիճակը:

 

-Հայաստանի կամքն է անդամակցել Կոնվենցիային եւ վավերացնել այն, կամ դուրս գալ Կողմ երկրների կազմից: Եթե  մենք չցանկանայինք, ոչ ոք չէր կարող պարտադրել: Դա նորմալ իրավիճակ է, լավ ցուցանիշ, որ ցույց է տալիս, թե որքանով է  հասարակությունը իրազեկված: Օրինակ` Ռուսաստանի նման պետությունը, կամ Ուզբեկստանը  Կոնվենցիայի Կողմ չեն, այնպես որ պետք է հարգել պետության այս ձգտումը: Անդամ երկրների` Քիշինեւում կայացած  չորրորդ հանդիպման  ժամանակ, Կոնվենցիայի Կողմ մյուս երկրների համեմատությամբ, մենք ունենք օրենսդրական դրույթների զարգացման պահանջ եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրենքի բարելավում, որտեղ անպայմանորեն պետք է ընդլայնվի հասարակության մասնակցությունը, որպեսզի վերջինս կարողնա կատարել իր դրական  ներդրումը: Այստեղ շատ կարեւոր է, որ հասարակությունը, հասարակական կազմակերպությունները իրենց դերակատարությունն ունենան: Աշխատանքային խմբերի հանդիպումների ժամանակ ընդգծվում է, որ պետություն-հասարակություն կապը պետք է ընդլայնի համագործակցությունը: Աբսուրդային իրավիճակներից խուսափելու համար պետական լիազորված մարմինները պետք է ժամանակին տեղեկացնեն հասարակությանը այս կամ այն գործընթացի մեկնարկի մասին:

 

-Ի պատասխան ամիսներ առաջ տարբեր բնապահպանական հասարակական կազմակերպությունների դժգոհությունների եւ բողոքների, Դուք հարցազրույցներից մեկում  ասացիք` մենք գնում ենք առաջ: Որո՞նք են առաջնթացի մասին խոսելու գլխավոր հիմքերը:

 

- Մի շարք կազմակերպություններ, որոնք արտահայտել են իրենց կարծիքն իմ անձի մասին, վերջին ժամանակահատվածում են որպես հասարակական կազմակերպություն ձեւավորվել եւ գուցե տեղյակ չեն իմ ծավալած բնապահպանական գործունեւության մասին: Հայաստանը, ի տարբերություն Օրհուսի համաժողովին մասնակցած հարեւան երկրների, ներկայացրել է ազգային զեկույց` ոչ թե նրա համար, որ մենք ավելի լավն ենք կամ խելացի, այլ նրա համար, որ զեկույցին ներկայացված էկո-իրավական բնույթի  հարցաշարին պատասխանելու համար առնվազն պետք է տիրապետել ոլորտին: Տարիներ առաջ ինձ մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են օգնել` ազգային զեկույցը պատրաստելու հարցում, որը ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ այնուհետեւ ներկայացվել Եվրոպայի բնապահպանության նախարարների չորրորդ համաժողավին: Բացի Դանիայից վերադառնալուց հետո առաջացավ Կոնվենցիայի հայերեն թարգմանության անհրաժեշտությունը: Մենք մեկ ամսվա ընթացքում ապահովեցինք թարգմանությունը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության շնորհիվ, եւ սկսվեց հասարակության լայն շերտերի իրազեկումը` սեմինարների, կլոր սեղաների  միջոցով:  Վավերացման գործընթացը եւս հեշտ շրջափուլ չէր, քանի որ կար դիմադրություն որոշ կառույցների կողմից: Ինձ համար Օրհուսի Կոնվենցիան հարազատ երեխային  նման է, որի հետ ամեն օր աշխատում եմ անկախ նրանից` ես ազգային համակարգող եմ, թե ոչ: Այսօր համակարգող եմ, վաղը կարող եմ չլինել,  սակայն նույն  հաջողությամբ կշարունակեմ փոխանցել  գիտելիքներս ուսանողներին: Եթե որոշ հասարակական կազմակերպություններ լավ  իրազեկված են Կոնվենցիայի  մասին, ապա դա նույնպես մեր աշխատաքնի արդյունքն է: Ես առողջ քննադատությանը դեմ չեմ, բայց   հաճախ հնչող քննադատությունը կոռեկտ չէ: Պետք է հաշվի առնել, որ Կոնվենցիան իրականացնում է երկիրը,  եւ ինչ քայլ էլ որ կատարի Կոնվենցիայի համակարգողը, նա ոչինչ չի կարող անել պետության մշակութային, սոցիալական, էկոլոգիական շահերի դեմ: Միայն մեղադրելով, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի:

 

- Օրհուսի Համապատասխանության կոմիտեն Հայաստանի առջեւ խնդիր է դրել մինչեւ 2012 թ. ապրիլի 1-ն ունենալ պատշաճ օրենսդրություն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ

 

-Նախ թույլ տվեք հստակեցնել, որ Համապատասխանության կոմիտեն խնդիր է դրել ոչ թե մինչ 2012 թ.-ի ապրիլի 1-ը ունենալ պատշաճ օրենսդրություն, այլ մինչ այդ ամսաթիվը ներկայացնել Գործողությունների պլան, որի համաձայն` կիրականացվեն համապատասխան աշխատանքներ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, որի արդյունքում մենք «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում  բավականին հաջող դրույթներ ունեցանք: Այսօր նախագծի տարբերակն ԱԺ-ում  է, նախագծի պատրաստման ընթացքում օգտագործվել  են Օրհուսի Կոնվենցիայի հատկապես առաջին հավելվածի դրույթները: Օրենքի բարելավումը արդեն ակնհայտ է,  սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր` իրավակիրառական պրակտիկան, այսինք` որքանով կաշխատեն ընդունված օրենքի դրույթները, որտեղ եւս պետք է կարեւորել հասարակական կազկապերությունների մասնակցության անհրաժեշտությունը, համագործակցությունը լիազորված մարմինների հետ: Օրինակ` Խոսրովի եւ Շիկահողի, Թռչկանի ջրվեժի հետ կապված որոշումների կասեցման նախադեպերում հասարակական այդ կառույցների ակտիվությունը շատ մեծ է:

 

-Օրհուսի կոնվենցիան որոշակիորեն կարեւորում է նաեւ  ԶԼՄ-ների դերը բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործումկմեկնաբանե՞ք այդ դրույթները:

 

-Այո, կոնվենցիայում կան որոշ դրույթներ, որոնք մատնանշում են լրատվամիջոցների դերը բնապահպանական հիմնախնդիրների կանխարգելման գործում: ԶԼՄ-ները կամուրջի դեր են կատարում` կապելով օրենքի ու հասարակության տարբեր շերտերի պահանջները: Ոլորտում պետք է նաեւ նեղ մասնագիտական հմտությունների առկայություն` ճիշտ լուսաբանելու համար: Եվրոպայում, հաշվի առնելով այդ առանձնահատկությունը, ստեղծվել են առանձին  անկախ մասնագիտական խմբեր, որոնցում ընդգրկված մասնագետները պարզ, մատչելի եղանակով համագործակցում են լրատվամիջոցների հետ: ԶԼՄ-ների դերը շատ մեծ է համակարգման գործընթացում, անգնահատելի: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր  քարտուղար Քոֆի Անանը  նշել է, որ Օրհուսի Կոնվենցիան «բնապահպանական ժողովրդավարության» ոլորտում ամենաէական քայլն է, որը երբեւէ իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Այն իսկապես շատ հավակնոտ փաստաթուղթ է, որը նստեցնում է միեւնույն սեղանի շուրջ նախարարի, հասարակական կազմակերպության ներկայացուցչի, լրագրողի, որովհետեւ մենք այլընտրանք չունենք. «նոր» բնություն մենք չենք կարող ստեղծել, մեզ մնում է պահպանել ունեցածը:

 

- ԱՊՀ տարածքում Հայաստանը միակն է, որն ունի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն, որտեղ դասավանդվում են նաեւ Օրհուսի Կոնվենցիայի դրույթները, կառույցը սերտորեն համագործակցում է ԱԺ-ի հետ, մի՞թե այդ լուրջ գիտական ներուժը մեզ հնարավորություն չի տալիս խոսել տարածաշրջանում էկոլոգիական առաջընթացի եւ առավելությունների մասին:

 

-Շատ լավ հարց է, ուրախ եմ,  որ այն տալիս եք: Սերտորեն համագործակցում ենք ոչ միայն ԱԺ-ի, այլեւ մի շարք այլ կառույցների, այդ թվում` Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների հետ: Մոտ մեկ ամիս առաջ մենք ստացանք  շատ ուրախալի լուր` այն, որ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը դարձել է բնության պահպանության  միջազգային խորհրդի Էկոլոգիական իրավունքի ակադեմիայի անդամ: ԱՊՀ տարածում այդ ակադեմիային ադամակցում են Ռուսաստանը եւ Ուկրաինան, մի՞թե սա չի խոսում առաջընթացի մասին: Ես դա համարում եմ մեծ նվաճում: Նվաճում է նաեւ  ուսանողների համար ամենամյա անցկացվող բնապահպանական որեւէ ոլորտին վերաբերող միջբուհական համաժողովի անցկացումը: Միգուցե, շատերը տեղյակ չեն, սակայն ԱՊՀ երկրների համար Հայաստանը  օրինակ է ծառայում` որպես Օրհուսի Կոնվենցիայի  ազգային զեկույցի պատշաճ ներկայացնող:

 

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի


© 2009 ARMENPRESS.am