Տեղի ունեցավ «Հայկական աշխարհ» ամսագրի շնորհանդեսը

22:14, 12 Հոկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի ունեցավ «Հայկական աշխարհ» ամսագրի շնորհանդեսը, որին ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակութային, հասարակական մի շարք գործիչներ:

«Հայկական աշխարհ» ամսագիրը «Շանթ» հեռուստաընկերության կողմից իրագործվող լայնամասշտաբ համահայկական նախագծի մի մասն է, որը ներառում է «Հայկական աշխարհ» սոցիալական գովազդների շարքը, համանուն հասարակական-քաղաքական թոք-շոուն: Ամսագրի գլխավոր խմբագիրն է Արտյոմ Երկանյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով' «Շանթ» հեռուստաընկերությունն այսուհետ ոչ միայն հեռուստահաղորդումներով է հանրահռչակելու «Հայկական աշխարհի» հայեցակարգը, այլ նաեւ ամսագրի միջոցով, որը հասարակության առավել լայն շերտերին է հասանելի լինելու: «Ես, բացի շնորհավորանքի խոսքերից, ցանկանում եմ շնորհակալանքի խոսքեր ասել, որ նրանք հայկական աշխարհի հայեցակարգը համարում են իրենց սեփականությունը եւ այդ առումով բավականին լուրջ քայլեր են ձեռնարկում»,- ասաց ՀՀ վարչապետը' հավելելով, որ հայկական աշխարհն իրականություն է: «Եթե 20 տարի առաջ մենք հիմնականում ապրում էինք Հայաստանի ներքին կյանքով եւ մեր շփումները հայկական աշխարհի հետ սահմանափակված էին, ապա այսօր' արագ փոփոխվող աշխարհում, Հայկական աշխարհն ամեն օր ստիպում է մեզ առնչվել իր հետ: Այս առումով, նման նախագծերը Հայկական աշխարհին տալիս են կարեւոր ուղղվածություն. մենք պետք է մեզ համար բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները եւ այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին եւ հանրապետությանը»,- նշեց կառավարության ղեկավարը: Նրա խոսքով' Հայաստանը Հայկական աշխարհը սնուցող ուժն է, բայց միեւնույն ժամանակ պետք է գիտակցել, որ Հայկական աշխարհը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ:

Կառավարության ղեկավարը հետաքրքրական համարեց այն հանգամանաքը, որ սփյուռքահայերի 95 տոկոսը Հայաստանում երբեք չի եղել, բայց տարբեր պատճառներով նրանք իրենց նույնացնում են հայության հետ: «Մեկի համար դա եկեղեցին, է, մյուսի համար' մշակույթը, մայրենի լեզուն, պատմությունը, միասնական ապագան: Այս բազմազանությունը մեր ուժն է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ ուղիներով պետք է այդ ներուժն օգտագործենք: Հայկական աշխարհում մենք պետք է կարողանանք բրենդավորել հայ արտադրողի լավագույն նմուշները եւ դրանք տարածենք ողջ աշխարհով»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը նաեւ հանձնեց մի շարք պարգեւներ: Ազգային մրցունակության խորհրդի հետ համագործակցության, Հայկական աշխարհի հայեցակարգը ամբողջ աշխարհում ներկայացնելու եւ հեռուստատեսության ոլորտում երկարամյա վաստակի համար «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը պարգեւատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամսագրի գլխավոր խմբագիր Արտյոմ Երկանյանը հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն եւ օբյեկտիվորեն վերլուծելու, հեռուստատեսության եւ լրագրության ոլորտներում երկարամյա վաստակի համար խրախուսվեց ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Արթուր Եզեկյանը, անդրադառնալով «Հայկական աշխարհ» նախագծի գաղափարին, նշեց, որ այն ծնվել է արբայնակային հեռարձակումը սկսելուց անմիջապես հետո, երբ նկատել են, որ աշխարհի տարբեր ծայրերից հայերն արձագանքում են իրենց հաղորդումներին: «Դա մի նոր հայկական միջավայր էր, որը ձեւավորվում էր եթերի շնորհիվ, մի նոր ուժ, մի նոր պոտենցիալ, որի օգտագործման եղանակները գտնելու դեպքում մեծ արդյունքների կարելի էր հասնել»,- ասաց նա' հավելելով, որ ամսագրի տպագրությունը նախագծի վերջին քայլը չի լինելու: «Այն, ինչ չենք կարողանա անել հեռուստատեսային եթերի միջոցով, կփորձեքն իրագործել ամսագրի շնորհիվ: Կարգախոսը նույնն է' Made by Armenians»,- ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am