Պաշտոնապես բացվեց Շառլ Ազնավուրի կեցավայրը

14:06, 7 Հոկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր մասնակցեցին Երեւանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը:Հյուրերն այնուհետեւ շրջեցին կեցավայրում, ծանոթացան ցուցանմուշներին:

Հենց Արարատի դեմ-դիմաց կառուցված Շառլ Ազնավուրի կեցավայրը հայ ժողովրդի նվերն է իր մեծ զավակին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, շենքի կառուցման աշխատանքները սկսվել էին 2007թվականի վերջին, շինության ընդհանուր տարածքը 1000 քմ է: «Սա դասական իմաստով թանգարան չէ, ինչպես նաեւ բնակելի տուն չէ, այն հետաքրքիր խորհրդանիշ ունի»,- շեշտեց Ն. Սարգսյանը:

«Զուտ ճարտարապետական գաղափարը եղել է' մուտք դեպի հայրենի երկիր, դեպի Արարատյան երկիր»,- ասաց նա եւ ներկայացնելով հինգ հարկանի շենքի ֆունկցիոնալ դասավորվածությունը' տեղեկացրեց, որ վերին երկու հարկերը բուն կեցավայրն են' ընդհանուր սենյակ, խոհանոց, սպասարկման սենյակ, երկու ննջարան, կաբինետ' իր բոլոր հարմարություններով:

Վերգետնյա առաջին մասում ցուցադրասրահն է, որը ծառայելու է որպես թանգարանային մաս, մյուս հարթությունում կլինի ընդունելությունների սրահը, համերգային 120 տեղանոց դահլիճը:

Ճարտարապետը նաեւ հաղորդեց, որ երկու տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ֆոնդից բազմաթիվ նյութեր են տեղափոխվել Հայաստան' կենսագրական գրքեր, սկավառակներ, պարգեւատրումները, լուսանկարները, որոնց մի մասն է ցուցադրվում:

Նշենք նաեւ, որ շանսոնիեն արդեն եղել է իր հայաստանյան կեցավայրում ընտանիքի անդամների հետ, եւ Հայաստան այցելության դեպքում' նա կարող է ապրել իր բնակարանում:

Շառլ Ազնավուրի կեցավայրում մշտապես հնչելու են մեծ շանսոնիեի երգերը: Նշենք, որ շինարարությունն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Շինարարությանը հատկացվել է 678 մլն 91հազար դրամ:


© 2009 ARMENPRESS.am