Հայաստանում կներդրվեն այլընտրանքային պատժատեսակներ

20:47, 14 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից ամբողջությամբ ռեվիզիայի է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգիրքը. կա դրա համապատասխան վերլուծությունը, որտեղ մի շարք պատժատեսակների համար առաջարկվում է այլընտրանքային պատիժների կիրառումը: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը' պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ներդրվելու են արդյոք Հայաստանում այլընտրանքային պատժի կրման ձեւերը: Նախարարի տեղեկացմամբ' ԵԽ-ի կողմից առաջարկած այլընտրանքային, ազատազրկման հետ չկապված նոր պատժատեսակներից են պրոբացիան եւ բնակարանից չբացակայելը: «Պրոբացիա կոչվածի էությունն այն է, որ պետությունը պատիժը կրելուց հետո իր վրա վերցնի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են վերամասնագիտացումը, անհատին աշխատանքի տեղավորումը եւ այլն»,- ասաց Հ.Թովմասյանը:

Նախարարի խոսքով' շատ հաճախ պատժից հետո ընկած ժամանակահատվածում պատիժը կրած անձը մոռացվում է, սակայն նրա հետ աշխատանք տանելու անհրաժեշտություն կա: Ներկայացնելով կոնկրետ օրինակներ' Հ. Թովմասյանը նշեց, որ այս տարի մոտ 40 հոգու նկատմամբ նշանակվել է պատժի չկրած մասը այլ' ավելի մեղմ պատժով փոխարինում: «Նրանք զբաղված էին հանրային աշխատանքներով, հիմնականում Երեւանի կանաչապատման աշխատանքներով, եւ բավականին գոհացուցիչ արդյունքներ ունենք»,- ասաց արդարադատության նախարարը' շեշտելով, որ որոշակի աշխատանք պետք է տարվի նաեւ հասարակական ընկալումների փոփոխության առումով, քանի որ հասարկական ընկալման մեջ ազատազրկումից տարբերվող ցանկացած պատիժ մեկնաբանվում է այն կերպ, թե տվյալ անձն իրականում խուսափել է պատժից:

Խոսելով ժամկետների մասին' նախարարը նշեց, որ սա այն ոլորտն է, որտեղ արագ փոփոխություններ կատարելը բարդություններ է պարունակում: «Թերեւս օրենսդրական փոփոխություններից հետո' եկող տարվա կեսերին, կարող ենք տեսնել որոշակի արդյունքներ' կապված այլընտրանքային պատիժների եւ դրանց օգտակարության հետ»,- նշեց Հ.Թովմասյանը:

Նրա տեղեկացմամբ' 4500 դատապարտյալների մեջ ընդամենը 200-ն են, որ ունեն մասնագիտություն: Առաջին անգամ այս տարի 12 հոգի ստացել են խոհարարի եւ 10 հոգի' վարսավիրի համապատասխան մասնագիտացում:


© 2009 ARMENPRESS.am