Տ. Սարգսյանը Վանաձորի երկու բուհերի քսանհինգ շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները

13:49, 25 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Տ. Սարգսյանն անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց բուհի 20 եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների:

Ողջունելով շրջանավարտներին' ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար' նշելով, որ «դա պատասխանատվության լրացուցիչ բեռ է դնում իր վրա»: Նրա խոսքով' այս օրը հիշարժան է լինելու բոլոր շրջանավարտների համար, քանի որ նոր էջ է բացվում նրանց կենսագրության մեջ: Տ.Սարգսյանը ցանկություն հայտնեց, որ այդ էջը բացվի այնպես, որ շրջանավարտները դրանից զգան բավարարվածություն' իրացնելով ստացված բարձր գիտելիքները, ինչը շատ կարեւոր է ուսուցչի պարագայում, ով զբաղվում է աշակերտների դաստիարակմամբ, իսկ նրա առաջնային առաքելությունը մեր երկրի ապագայի կերտումն է:

«Այդ տեսակետից մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգնահատելի է: Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին»,- ասաց նա' հավելելով, որ ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմնան եւ նյութապես մոտիվացման անհրաժեշտությամբ:

«Կարծում եմ, որ սա ճիշտ ռազմավարաություն է, եթե կարողանանք մոտակա 5 տարիների ընթացքում մանկավարժական բուհերի մակարդակը կտրուկ բարձրացնել: Դա կնշանակի, որ որպես ազգ ունենալու ենք լավ ապագա: Գաղտնիք չէ, որ 21-րդ դարը ինտելեկտուալ մտայնության դար է, եւ այսօր գիտելիքն է առաջնահերթությունը: Զարգացած են այն ազգերը, որոնք մեծ տեղ են հատկացնում գիտելիքին եւ կարողանում այն արտադրել: Ուսուցիչը պարտավոր է ոչ միայն գիտելիքներ տալ եւ դաստիարակել աշակերտներին, այլեւ տալ կարողություն ինքնուրույն մտածելու, ճիշտ որոշումներ կայացնելու: Այս պարագայում ուսուցչի դերը կարեւոր առաքելություն է»,- ասաց Տ. Սարգսյանը:

Վերջինիս ուրախացրեց համալսարանի գերազանցիկ շրջանավարտների բարձր թիվը: Դիմելով շրջանավարտներին' կառավարության ղեկավարը փաստեց, որ 21-րդ դարում մարդը պետք է պատրաստ լինի մշտապես սովորել: «Այս կարեւորագույն ուղերձը դուք պետք է կարողանաք հետագայում փոխանցել ձեր աշակերտներին»,- նշեց Տ.Սարգսյանը' մաղթելով շրջանավարտըներին հետագա հաջողություններ:

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին շրջանավարտների համար տոնական օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսությանը մասնակցելու համար: Ռեկտորը Տ. Սարգսյանին նվիրեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն, իսկ այնուհետեւ նշեց, որ գիտխորհրդի որոշմամբ' ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների պատվավոր անդամի կոչումը:

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանն ունի 4222 ուսանող: 2010-2011 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների թիվը 1186 է, որից 1088-ը' բակալվր, 98-ը' մագիստրոս: Այս ուսումնական տարվա շրջանավարտներից 119-ը համալսարանն ավարտում են գերազանցության դիպլոմներով: Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղն ունի 653 ուսանող, որոնցից 447-ը' առկա, 206-ը' հեռակա ուսուցմամբ:

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վանաձորի պետական մանկավարժական համալսարան:

© 2009 ARMENPRESS.am