«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում բացել է խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգ

20:28, 26 Հուլիս, 2010

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր հանդիսավորությամբ բացել է Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն ՀՀ դրամ արժողությամբ): Ծրագիրը հովանավորել են հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմեն եւ Նատիա Էքսերճիյանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, բացման արարողությանը մասնակցել են Էքսերճիյան ամուսինները` դուստրերի հետ, հիմնադրամի` Արգենտինայի տեղական մարմնի երիտասարդական թեւի պատվիրակությունը` փոխատենապետ Ռոսիտա Յուսուֆյանի գլխավորությամբ:

 

Ներկա են եղել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, Տավուշի փոխմարզպետներ Վահե Վարդապետյանը, Լեւոն Սարգսյանը, Դիտավան համայնքի ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ համայնքի բնակիչներ: Նորակառույց համակարգի շնորհիվ շուրջ 120 տնտեսություն ունեցող գյուղն արդեն իսկ ունի շուրջօրյա ջրամատակարարում: Համակարգը բաղկացած է 2.5կմ երկարությամբ ջրագծից, 3.5կմ երկարությամբ ներքին ցանցից, 100 խմ տարողությամբ ջրամբարից եւ երկու կապտաժից: Բացման պաշտոնական արարողությունից հետո հիմնադրամի աշխատակիցները համայնքի գրադարանին են փոխանցել անհատ բարերարներ Սաֆրազբեկյան ամուսինների նվիրաբերած 415 կտոր գիրքը:

 

2009-2010թթ. ընթացքում հիմնադրամի` գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Դիտավանում լուծվել են գազի, խմելու եւ ոռոգման ջրի հարցերը, գյուղացիները ձեռք են բերել համայնքային կենտրոն, ուր տեղավորված են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը եւ հանդիսասրահը:


© 2009 ARMENPRESS.am