Հայկական վիրտուալ համալսարանն ամփոփեց առաջին տարվա իր գործունեությունը

13:03, 2 Հուլիս, 2010

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական վիրտուալ համալսարանն այսօր գլոբալ կամուրջ-ֆորումով ամփոփեց հայագիտական հեռավար կրթության բնագավառում առաջին տարվա իր գործունեությունը: Կազմակերպված մեկժամյա օն-լայն ֆորումին մասնակցեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր- նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ֆորումին Երվանդ Զորյանը ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի մեկամյա գործունեությունը եւ ձեռքբերումները: Նրա խոսքով` այն դարձել է հայկական առաջին օն-լայն համալսարանը, որն իր առջեւ նպատակ է դրել նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական կրթությունը մատչելի դարձնել ամբողջ աշխարհում:

 

Մինչ օրս համալսարանն ունեցել է ուսումնական չորս շրջան, որին մասնակցել է ավելի քան 500 հոգի` աշխարհի 35 երկրներից: «Այսօր Վիրտուալ համալսարանն ունի երեք ֆակուլտետ` Լեզվի, Պատմության եւ Մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: 3 առարկաներին շուտով կավելանա նաեւ մեկը` Հայ երաժշտության պատմությունը»,- նշեց Երվանդ Զորյանը` ավելացնելով, որ Վիրտուալ համալսարանի ամենափոքր ուսանողը 18 տարեկան է, իսկ ամենամեծը` 81: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներին, նշեց. «Սփյուռքի նախարարության թիվ մեկ խնդիրը հայապահպանության գործն է, իսկ հիմնական մեխը` մայրենիի պաշտպանությունը: Իսկ այն դեպքում, երբ մայրենին սովորում ես տանը նստած եւ օն-լայն ռեժիմով, արդեն հրաշագործություն է»:

 

Ըստ նախարարի` Վիրտուալ համալսարանն ամբողջապես համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Հ. Հակոբյանը նաեւ առաջարկեց, որ այսուհետ դասընթացի ավարտն ազդարարող դիպլոմները տրվեն Հայաստանում: Աշխարհում ամենամեծ օն-լայն հաստատության` Ֆենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ Կարոլ Ասլանյանը ներկայացրեց օն-լայն կրթության բնագավառի զարգացումներն ու նորարարությունները: Կենդանի համացանցային կամրջի միջոցով ֆորումին մասնակցեցին Վիրտուալ համալսարանի աշխարհի տասնյակ երկրներում բնակվող ուսանողներ, օն-լայն ուսուցիչներ, հեռավար կրթության ոլորտի մասնագետներ:

 

Կապ հաստատվեց Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող, Վիրտուալ համալսարանի ուսանող Ջորջ Տաբակյանի հետ, ով ներկայացրեց ուսման իր փորձը: «Ես շատ էի ցանկանում գիտելիքներս խորացնել «Հայոց պատմություն» առարկայի մասով, այդ էր պատճառը, որ ընդունվեցի Վիրտուալ համալսարանի «Հայոց պատմություն» առարկայի բաժին»,- ասաց Ջորջ Տաբակյանը` խորհուրդ տալով մարդկանց միանալ այդ ծրագրին:


© 2009 ARMENPRESS.am