Հայկական վիրտուալ համալսարանը մեկ տարեկան է

11:35, 15 Հունիս, 2010

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական վիրտուալ համալսարանը մեկ տարեկան է: Նախորդ տարի հունիսին սկսվեցին հայկական առաջին վիրտուալ համալսարանի դասընթացները: Ինը շաբաթ անց դրանք հաջողությամբ ավարտեց շուրջ 130 ուսանող: «Մենք, համալսարանի միամյակը նշելով, նպատակ ունենք մեր ուրախությունն ուսանողների հետ կիսել` առաջարկելով կրթաթոշակներ:

Փորձելու ենք ուսանողներին էլ ավելի լայն հնարավորություններ տալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց համալսարանի կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը: Ներկայումս համալսարանը հայտարարել է ընդունելության հինգերորդ շրջանը, որը կավարտվի այս շաբաթ: Իսկ հունիսի 21-ից կսկսվեն պարապմունքները: Հ. Խալափյանի տեղեկացմամբ` չորս ուսումնական շրջաններում ընդգրկվել են ուսանողներ աշխարհի 35 երկրներից, տարբեր տարիքի` 16-82: Ամեն ուսումնական շրջանում ավելացել է կուրսերի քանակը:

Օրինակ` սկզբնական շրջանում չի եղել ճարտարապետության դասընթաց, սակայն հիմա ավելացվել է: Համալսարանում առկա ֆակուլտետներն անփոփոխ են` հայոց լեզու, հայոց պատմություն եւ հայկական մշակույթ, իսկ դասընթացները անցկացվում են արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն ու ֆրանսերեն: Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:


© 2009 ARMENPRESS.am