Հայ-թուրքական արձանագրությունները մնում են ԱԺ գարնանային նստաշրջանի մեծ օրակարգում

15:13, 26 Ապրիլ, 2010

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Հայաստանի օրենսդիր մարմնի չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Ինչպես նշեց Հ. Աբրահամյանը, քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 13 օրենսդրական նախաձեռնություն, որոնք դրական եզրակացության են արժանացել ԱԺ գլխադասային հանձնաժողովների կողմից, նաեւ` 23 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյայի առաջին նիստին ներկայացել էր 102 պատգամավոր:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հարցին` Հ. Աբրահամյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հանվել են ԱԺ հերթական քառօրյայի օրակարգից, իսկ գանանային նստաշրջանի մեծ օրակարգում դրանք դեռեւս շարունակում են մնալ: ԱԺ-ի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում նիստին այս անգամ մասնակցում էին Գեղարքունիքի մարզի աշակերտները: Նրանց հետ հանդիպման ժամանակ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձավ հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրներին: Հ. Աբրահամյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացումից առաջ եւ արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանի իշխաննություններն ակնկալում էին, որ վերջապես խնդիրը կլուծվի, կբացվեն սահմանները եւ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ` առանց նախապայմանների առաջադրման: «Մենք ակնկալում էինք, որ արձանագրությունները թուրքական կողմից կվավերացվեն, որից հետո Հայաստանը դա կանի: Այս վերջին գործընթացները ցույց տվեցին, որ նրանք լուրջ գործընկերներ չեն, քանի որ հակառակ երկկողմ պայմանավորվածությունների` Հայաստանի առջեւ Թուրքիայի իշխանությունների կողմից դրվեցին նախապայմաններ` Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան խնդրի հետ կապված, որոնք, իհարկե, անընդունելի են մեզ համար: Հավիտենական թշնամություն չկա, եւ մենք ցանկանում ենք, որ երկու երկրների միջեւ կարգավորվեն հարաբերությունները»,- ասաց Հ. Աբրահամյանը: Նա փաստեց, որ ներկայումս տարբեր երկրների խորհրդարաններում դրված են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծեր: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորում է այս գործընթացը, սակայն նրա խոսքով, կարեւոր է, որ առաջին հերթին Թուրքիան ընդունի իր պապերի իրագործած ոճիրը: Հայոց ցեղասպանությունը, եթե ավելի վաղ ստանար անհրաժեշտ արձագանք միջազգային հանրության կողմից, ապա միգուցե, ԱԺ նախագահի խոսքով, չլիներ հրեաների ցեղասպանությունը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու օգտին: Նա հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մեկ այլ միջնորդությունը այս հարցում բացառվում է: «Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի համար ամենակարեւորը նրա կարգավիճակի հարցն է»,-ասաց Հ. Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am