Հայկական վիրտուալ համալսարանի հերթական դասընթացները կմեկնարկեն ապրիլի 5-ին

10:36, 26 Մարտ, 2010

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից ստեղծված Հայկական վիրտուալ համալսարանի գարնանային ուսումնական շրջանը կմեկնարկի ապրիլի 5-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամար Մինասյանը, ուսումնական այս շրջանում համալսարանը առաջարկում է արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, հին շրջանի ու միջնադարյան հայոց պատմության, ինչպես նաեւ հայկական ճարտարապետության ներածության դասընթացներ` բոլորը 2-ական մասերով:

 

Ինչպես միշտ, ուսումնական այս շրջանում նույնպես դասընթացներն անցկացվում են 6 լեզուներով` արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Թ. Մինասյանի խոսքով, համալսարանն իր ինտերնետային կայքի միջոցով (www.avc-agbu.org) շարունակում է ընդունելության հայտեր ստանալ աշխարհի տարբեր երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, ՈՒրուգվայ, Թուրքիա, Բրազիլիա: Երկրների եւ դիմորդների թիվը օրեցօր աճում է:

 

Տարբեր է նաեւ հայկական կրթություն ստանալ ցանկացողների տարիքային սահմանը: Գրանցվածների նախնական տվյալներով ամենից երիտասարդ դիմորդը 19 տարեկան է, ամենավագը` 81: Նշենք, որ համալսարանում գործում է 3 ֆակուլտետ՝ լեզվի, պատմության եւ մշակույթի՝ տարբեր բաժիններով: Դասընթացի մասնակիցները կամ կանոնավոր ուսանողներ են, որոնք յուրաքանչյուր դասընթացից 2 կրեդիտ են վաստակում, կամ ազատ ունկնդիրներ` առանց կրեդիտի ուսանողներ:

 

Ուսուցիչները Հայաստանի հմուտ մասնագետներ են, ովքեր պարտաստ են իրենց ուսանողների հետ շուրջօրյա հաղորդակցվել: Հայկական վիրտուալ համալսարանի նպատակն է ուսանողներին օգնել առցանց կրթության միջոցով ձեռք բերելու հայկական մշակույթի, պատմության, հայոց լեզվի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ:


© 2009 ARMENPRESS.am