Ազգային պատկերասրահում անհատական ցուցահանդեսով նշվեց Գրիգոր
Աղասյանի 80-ամյակը
00:00, 31 Մարտ, 2006
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան):Հայկական կերպարվեստի
ավագներից Արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 80-ամյակն այսօր
անհատական ցուցահանդեսով հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Ազգային
պատկերասրահում, որի տնօրեն Փարավոն Միրզոյանը բացման խոսքում բարձր գնահատեց
նրա գեղանկարչությունն ու մանկավարժական գործունեությունը:
Ըստ Փ.Միրզոյանի, Գ. Աղասյանի ստեղծագործությունը Երեւան քաղաքի կերպարի
ինքնատիպ ու վառ նկարագրությունն է, իսկ որպես ուսուցիչ նա տասնյակ
արվեստագետների է կյանքի ուղեգիր տվել մանկավարժական աշխատանքի ավելի քան վեց
տասնամյակների ընթացքում: «Այստեղ հավաքվածներիս մի զգալի մասը Աղասյանի
աշակերտներն ենքե, -ասաց նա:
Նկարչին ջերմորեն ողջունեցին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական
փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ
Կարեն Աղամյանը, քանդակագործներ Խաչատուր Իսկանդարյանը, Ղուկաս Չուբարյանը:
Շնորհակալության խոսք ասաց Գ. Աղասյանը, մասնավորապես իր համար մեծ
պատիվ ու պարտքի-պարտականության զգացում համարելով պատկերասրահում գտնվող
աշխարհի մեծերի կողքին իր ստեղծագործությունների ցուցադրումը: Նա ասաց, որ
ներկա ցուցահանդեսը նախորդներից տարբերվում է այն իմաստով, որ ինքն առաջին
անգամ նատյուրմորտ է ցուցադրել եւ առաջին անգամ ներկայացրել իր ուսանողական
տարիների աշխատանքները:
Գրիգոր Աղասյանը ծնվել է Երեւանում, ավարտել տեղի Փ.Թերլեմեզյանի անվան
նկարչական ուսումնարանը եւ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի պետական
ինստիտուտը: Արժանացել է մի շարք մրցանակների, ցուցադրվել աշխարհի մոտ 20
երկրներում: Անհատական ցուցահանդեսներ է բացել Երեւանում, Մոսկվայում,
Լենինականում, Չարենցավանում, Փարիզում: Աշխատանքները պահվում են Հայաստանի,
Ռուսաստանի, Ղազախստանի, Անգլիայի թանգարաններում, ինչպես նաեւ մեկ տասնյակ
երկրների մասնավոր հավաքածուներում: