Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

21:41, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ․ Ղ․-ն (ծնված 2004 թ․) և Մ․ Հ․-ն (ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Բ․-ին (ծնված 1985 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


© 2009 ARMENPRESS.am