ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը հայկական պատմամշակութային ժառագությունն անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին

18:47, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»  (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիրք-ալբոմը, որտեղ լուսանկարներով և համառոտ ստուգաբանությամբ ներկայացված են  Սյունիքի շարք գավառների և ԼՂ-ի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները, հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

  Շնորհանդեսի բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ արդիական ու կարևոր համարելով աշխատությունը, համոզմունք հայտնեց, որ գիրքը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիր է դնում, այլ նաև՝ վտանգված հուշարձանների փաստարկման, վավերագրման և այս աշխարհին հասանելի դարձնելու։

«Մենք պետք է ոչ միայն հպարտանանք, որ ունենք այսպիսի պատմամշակութային ժառանգություն, այլ պետք է փորձենք ամեն կերպ այդ ժառանգությունը պահպանել, ներկայացնել, հանրահռչակել և, ցավոք, շատ դեպքերում նաև փրկել»,- ընդգծեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Գիրք-ալբոմի համահեղինակ Մհեր Քումունցը մանրամասնեց, որ աշխատությունը ներկայացնում է պատմական Սյունիքի և ԼՂ-ի մի տարածքի պատմամշակութային հուշարձանների ամբողջական համապատկերը։

«Հայկական հարցին որևէ կերպ օգտակար կլինի այս գիրքը, և կարծում եմ, այն մասնավորապես ուղղորդում է դիվանագիտական, գիտական ինստիտուտներին, և ընդհանրապես ոչ հայախոս հանրությանը՝ կողմնորոշվելու Արցախի հարցում»,-ասաց Քումունցը՝ հավելելով, որ գիրքը հակադարձում է ադրբեջանական կեղծ թեզերին, թե տվյալ տարածքները հայկական ժառանգություն չունեն։

Նրա խոսքով՝ ամբողջությամբ գիտական հենքի վրա հիմնված գրքում ոչ միայն ներկայացված են պատմամշակութային հուշարձանները, այլ նաև՝ կարևոր ստուգաբանություններ տեղանունների վերաբերյալ։

Զոհրաբ Ըռքոյանը շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը գրքի անգլերեն տարբերակի տպագրությանն աջակցելու համար, կարևորեց աշխատությունը՝ օտարազգիներին ԼՂ հայկական պատմամշակութային հուշարձանները ճանաչելի դարձնելու առումով։

Նա պատմեց, որ Քաշաթաղի շրջանում աշխատանքի բերումով տարիներ շարունակ լուսանկարել է տարբեր հատվածներում գտնվող, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր ու տապանաքարեր հայերեն արձանագրություններով։

«Հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվելն ինձ ավելի շատ ոգեշնչել է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը՝ մեր լավագույն հուշարձանագետը։ Այս ոգեշնչումը եղավ այն, որ եթե չեմ սխալվում 1999 թվականին տպագրվեց Սամվելի գիրքը, որում շատ էին մեր տարածք՝Քաշաթաղի շրջանի հուշարձաններ ընդգրկված։ Ես սկսեցի նաև այդ հետքերով գնալ»,-վերհիշեց Ըռքոյանը՝ հավելելով, որ Քաշաթաղի բնակիչների շնորհիվ հետագայում գտնվեցին նաև այնպիսի հուշարձաններ, որոնք երջանկահիշատակ հուշարձանագետը չէր կարողացել գտնել։

[gallery id= 67879]

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»  գրքի անգլերեն տարբերակը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 


© 2009 ARMENPRESS.am