Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ

17:56, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բավարիայի Բայրոյթ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են Գերմանիայում ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգով դիվերսիա նախապատրաստելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հաղորդում է գերմանական Der Spiegel պարբերականը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական ծագումով Գերմանիայի քաղաքացիները, ենթադրաբար, լրտեսում էին ԱՄՆ ռազմակայանները և հարձակում էին նախապատրաստում ռազմական նպատակներով օգտագործվող տրանսպորտային ուղիների վրա։

Ըստ հրապարակման՝ ձերբակալման հրամանը տվել է Գերմանիայի գլխավոր դատախազ Յենս Ռոմելը, գործողությունն իրականացվել է ապրիլի 17-ի առավոտյան։ Ձերբակալվածների բնակարանները խուզարկվել են։

Գլխավոր կասկածյալը Բավարիայում բնակվող Գերմանիայի և Ռուսաստանի 39-ամյա քաղաքացի Դիտեր Ս.-ն է։ Ենթադրվում է, որ նա պատրաստակամություն է հայտնել հրկիզում և պայթեցում իրականացնել ռազմական նպատակներով օգտագործվող պաշտպանական գործարաններում և արդյունաբերական օբյեկտներում։ Հիմնականում խոսքը վերաբերել է ռազմական բեռների տեղափոխման ուղիներին, իսկ հարձակումների նպատակն է եղել թույլ չտալ, որ Գերմանիան աջակցություն ցուցաբերի Ուկրաինային։

Հետաքննության տվյալների համաձայն՝ Դիտեր Ս․-ն Գերմանիայում ԱՄՆ ռազմակայանի լուսանկարներ է արել և, ենթադրաբար, ուղարկել դրանք ռուսաստանցի պատվիրատուներին։

Ըստ հրապարակման՝ տղամարդիկ տեղեկություններ էին հավաքում Գրանֆենվյորում ամերիկյան ռազմական օբյեկտների վերաբերյալ, որտեղ ուկրաինացի զինվորականներին սովորեցնում են կառավարել Abrams տանկերը։


© 2009 ARMENPRESS.am