Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

11:40, 28 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում մարտի 27-ի երեկոյան և 28-ի գիշերային ժամերի ընթացքում ընթացել են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, որոնց արդյունքում արդեն բաց և երթևեկելի են դարձել բքի հետևանքով փակված կամ դժվարանցանելի բոլոր ճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, իրականացված աշխատանքների արդյունքում ձյան հաստ շերտից մաքրվել ու բացվել են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, բարձրլեռնային այլ բնակավայրեր տանող ճանապարհները։ Իսկ ցերեկային ժամերին տաք ջերմաստիճանի ազդեցության տակ մերկասառույցից ազատվել են բոլոր ճանապարհները։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am