Կարծում եմ՝ Էկոնոմիկայի նախարարությունում և Կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա. Գևորգ Պապոյան

17:01, 7 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը տեղին չի համարում մինչև դատաքննության ավարտը մեղադրական ձևակերպումների հնչեցումը ոլորտի նախկին ղեկավար Վահան Քերոբյանի և նախարարության մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք կասկածվում են կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանը նման տեսակետ հնչեցրեց՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տեղի ունեցածը կարելի է համարել համակարգային կոռուպցիայի դրսևորում:

«Դուք հիմա մեղադրանքներ եք հնչեցնում, հաստատում եք ինչ-որ բաներ: Ես այդպես չէի անի: Եկեք սպասենք դատաքննության ավարտին և կտեսնենք՝ ով ինչ մեղավորություն ունի: Կարող է պարզվի, որ, օրինակ, մի մասը մեղավոր են, մի մասն՝ անմեղ: Կարծում եմ՝ Էկոնոմիկայի նախարարությունում և Կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա: Եթե առանձին պաշտոնյաներ կամ առանձին պաշտոն զբաղեցնող մարդիկ, որոնք ինչ-որ տեղում ինչ-որ գործառույթ են իրականացնում, ինչ-որ բան այնպես չեն անի կամ գուցե կչարաշահեն իրենց դիրքը և պաշտոնը՝ պետք է պատժվեն: Սա սկզբունքային հարց է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց նախարարը:

    


© 2009 ARMENPRESS.am