Քրեակատարողական ծառայողները ներնետման դեպք են բացահայտել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

20:51, 27 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, իրացնելով նշված տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 26-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, զննել են հիմնարկի բնակելի մասնաշենքի և պահակետերից մեկի հիմնական պատի միջև ընկած տարածքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, նշյալ տեղանքում հայտնաբերվել է ներնետված տոպրակ՝ ամրացված թելով։

Ըստ աղբյուրի՝ տոպրակում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Նշվում է, որ դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 


© 2009 ARMENPRESS.am