Արթիկի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն նոր կենտրոնում
21:24, 24 Հոկտեմբեր, 2023ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) նոր տարածքային կենտրոնում։ Հոկտեմբերի 24-ին կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություններին։ Նրանք նշել են, որ նոր տարածքային կենտրոնի հիմնմամբ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ամենօրյա աշխատանքները կդառնան առավել հասցեական ու համակարգված։
Ըստ աղբյուրի՝ կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։
Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի հիմնման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) շրջանակում։
© 2009 ARMENPRESS.am