Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը բանաստեղծությունների իր նոր ժողովածուն ներկայացրել է Գյումրիի ընթերցողներին

17:05, 14 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի կենտրոնական գրադարանում ապրիլի 12-ին կայացել է հայրենադարձ երիտասարդ բանաստեղծուհու հանդիպումը Գյումրիում բնակվող ընթերցողների հետ։

Մարիաննա  Շահպարոնյանը հրատարակել է «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։

IMG_1972 (1).jpeg (134 KB)

Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Գյումրեցիները մեծ ոգևորությամբ են ընդունել երիտասարդ բանաստեղծուհուն։

Միջոցառմանը ներկա էին Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի տեղակալ Էդգար Մարտիրոսյանը, դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը (մեծ ոգևորությամբ ասմունքել է  Մարիաննա Շահպարոնյանի բանաստեղծություններից որոշները և գովեստի խոսքեր է հղել Երևանից ժամանած երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործություններին), գրող Գագիկ Վարդանյանը, ինչպես նաև գրադարանների վարիչներ, ընթերցողներ և ուսանողներ։ 

IMG_1969.jpeg (104 KB)

Հանդիպումներ են նախատեսված ընթերցողների հետ ՀՀ բոլոր մարզկենտրոններում, ինչպես նաև սփյուռքի հիմնական գաղթօջախներում։ «Շատ հպարտ եմ սկսել մարզային այցերը հենց Գյումրիից, քանի որ բոլորը գիտեն, որ այն մեր մշակութային մայրաքաղաքն է և շատ գեղեցիկ վայր է, որը, անշուշտ, գերում է յուրաքանչյուրի սիրտը»,-ասում է Մարիաննա Շահպարոնյանը։

Մարիաննա Շահպարոնյանը Գյումրիի կենտրոնական գրադարանին և դրա մասնաճյուղերին նվիրաբերեց մոտ 30 օրինակ «Դեպի Հայաստան» իր գրքից։

 


© 2009 ARMENPRESS.am