Իրանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում և բանակցություններ սկսել

20:04, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցային գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հայտարարել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն:

«Թեհրանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել , ինչպես նաև անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները», - նրա խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ Իրանը մտահոգված է զինված բախումներով և ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին:

Նրա խոսքով՝ Իրանի արտգործնախարարությունը պատրաստակամ է  օգտագործել բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար :

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր·-ի իր էջում գրել է, որ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի:

«Հարևանները մեր գերակայությունն են, և մենք պատրաստ ենք տրամադրել միջնորդական ծառայություններ բանակցային գործընթացը սկսելու համար», - հավելել է նա:


© 2009 ARMENPRESS.am