Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:11, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ ունի այլ դատական նիստ և դրա մասին իմացել է հունվարի 8-ի երեկոյան:

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունն ու նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


© 2009 ARMENPRESS.am