Լիճքում սուբվենցիոն հերթական ծրագիրն է իրականացվել
ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այս տարվա ընթացքում ճանապարհաշինության ոլորտում իրականացվում է սուբվենցիոն երկրորդ ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 միլիոն 628 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: «Սուբվենցիոն առաջին ծրագրով, որն իրականացվեց հուլիսի ընթացքում, Ա-6 թաղամասում ասֆալտապատվեց 680 գծամետր երկարության ճանապարհ՝ 3500 քառակուսի մետր մակերեսով:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որը մեկնարկեց օգոստոսի սկզբներին, ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին Ա-3 թաղամասի 9-րդ եւ Ա-2 թաղամասի առաջին փողոցներում՝ 930 գծամետր երկարությամբ եւ 3720 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքներն այսօրվա դրությամբ ավարտված են: Ընդհանուր առմամբ, այս տարի սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման շնորհիվ ասֆալտապատել ենք 7419 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհներ՝ 1610 մետր երկարությամբ: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին Ա-3 եւ Ա-4 թաղամասերում կառուցել ենք գիշերային լուսավորվածության ցանց մոտ 1 կիլոմետր երկարությամբ՝ ծախսելով 2 միլիոն 350 դրամ »,-ներկայացրեց Գնել Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում