Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան

 Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման 
մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Սփյուռքի նախարարության լուծարման մասին խոսակցություններին և մտահոգություններին:

«Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Սփյուռքի նախարարության պարագային, որովհետև կարծում եմ, թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ և այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենան Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ այս հարցի վերաբերյալ կհասնեն համաձայնության և կոնսենսուսի: «Կրկին ասում եմ, որ այստեղ մեր խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որպեսզի փոխադարձաբար գոհ լինենք ինչպես ընթացքից, այնպես էլ արձանագրված արդյունքներից: Մենք, իհարկե, կգնանք հետևողական, հաստատուն և մտածված քայլերով,  համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և, իհարկե, պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով և այն համարում են իրենց լուծելիք խնդիրը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]