Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել մարզի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել մարզի համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային հերթական այցով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 23-ին այցելել է Վարդենիկ համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգված մանկապարտեզ, որը, մինչև սեպտեմբերի 1-ը, ամբողջովին պատրաստ կլինի ընդունել համայնքի մոտ 90 սաների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից,  Վարդենիկի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Իշխան Սաղաթելյանը դիտարկել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից կառուցվող ոռոգման համակարգի աշխատանքները, տեղում հանդիպում է ունեցել վարդենիկցիների հետ, զրուցել բերքահավաքի ընթացքի, բերքի իրացման, համայնքային բնույթի այլ թեմաների մասին:

Մարզպետն այցելել է նաև Վարդենիկի մասնակի վերանորոգված մշակույթի տուն, որտեղ աշխատանքները ևս իրականացվել էին համայնքի բյուջեի միջոցներով:

Այնուհետև համայնքապետարանում, Իշխան Սաղաթելյանը ոլորտային տարբեր խնդիրների շուրջ, քննարկում  է անցկացրել համայնքի կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:

«Վարդենիկ համայնքը տարեցտարի զարգացում է ապրում և ուրախալի է այն փաստը, որ խնդիրներն այստեղ աստիճանաբար լուծում են ստանում համայնքի բյուջեի միջոցներով կամ համայնքային համաֆինանսավորմամբ: Ես համոզված եմ, որ 1-2 տարի էլ նույն տեմպով շարունակելու դեպքում, Վարդենիկն այլևս խնդիրներ չի ունենա», - հանդիպման ընթացքում նշել է Իշխան Սաղաթելյանը:

Մարզպետն իր աշխատանքային այցը շարունակել է Ծովինարի միջնակարգ դպրոցում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, սեղմ ժամկետում, վերանորոգել սանհանգույցները, ապա, միջոցների առկայության դեպքում, վերանայել մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Իշխան Սաղաթելյանն առաջարկել է նաև մարզպետարան ներկայացնել համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծ, հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով:

Ծովինարի բնակիչները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել են իրենց դժգոհությունները՝ կապված ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի վարձավճարների ոչ ճիշտ գանձումների հետ: Իշխան Սաղաթելյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում խնդիրը ներկայացնել համապատասխան կառույցների քննարկմանը:

Գեղարքունիքի մարզպետն Արծվանիստ համայնքում դիտարկել է պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկած՝ մոտ 2,3 կմ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման և սուբվենցիայով փողոցային լուսավորության անցկացման աշխատանքները, եղել են շենքային անբավարար պայմաններ ունեցող մանկապարտեզում:

«Արծվանիստում, ճիշտ է կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, սակայն ես առաջնահերթ եմ համարում միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման խնդիրը, որին միայն կհաջորդի մնացած խնդիրների կարգավորումը: Ասֆալտապատման նպատակով առաջարկում եմ սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագիր, որպեսզի այն ներառվի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի ցանկում», - ասել է Իշխան Սաղաթելյանը՝ համայնքի բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում:

Ծովինար համայնքի բնակիչները մարզպետի հետ քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտին առնչվող թեմաներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ