Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը

Հայաստանն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Էդվարդ 
Նալբանդյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել իսրայելական ITV24 հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու ակնկալիքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Իրանի և Իսրայելի հետ հարաբերություններին, Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով Հայաստանի սպասելիքներին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի հարցազրույցն ամբողջությամբ: 

-Ձեր այցի առնչությամբ, կարող եմ ասել՝ շատ հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել:

-Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում ՀՀ դեսպան, ուստի սա իմ առաջին այցելությունը չէ Իսրայել։ Մշտապես ուրախ եմ վերադառնալ Երուսաղեմ:

Այս այցելությունն իրականացնում եմ վարչապետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Կարճ, բայց բավականին հագեցած այց էր: Հանդիպումներ ունեցա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի, Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի հետ, ով նաև Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է:

Հնարավորություն ունեցա հանդիպելու Հայոց պատրիարքի հետ: Մենք ունենք բազմադարյա կարևոր հայկական ներկայություն Երուսաղեմում: Ինչպես միշտ, օգտվելով առիթից, այցելեցի Յադ Վաշեմ և հարգանքի տուրք մատուցեցի Հոլոքոսթի զոհերի հիշատակին:

Ինչպես նշեցի, սա իմ առաջին այցելությունը չէր Յադ Վաշեմ: Յադ Վաշեմը Երուսաղեմում և Ծիծեռնակաբերդը Երևանում կոչ են անում են մեզ բոլորիս՝ հատկապես հայ ու հրեա ժողովրդին, որոնք վերապրել են ցեղասպանության սարսափները, որ մենք բարոյական պարտավորություն ունենք համախմբելու մեր ջանքերը` պայքարելու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների դեմ:

- Այս համատեքստում ցանկանում եմ հարցնել, թե ինչպիսին են Ձեր ակնկալիքներն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Արդյոք առկա իրավիճակը բավարար եք գնահատում: Արդյոք այդ հարցը ներառված է եղել Իսրայելում կայացած Ձեր հանդիպումների օրակարգում:

-Դա եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Ինչպես ասացի, երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ:

- Ենթադրում եմ, որ Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաձայնվող խնդիրներից մեկը Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն են։ Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում։ Ձեր կարծիքով, արդյոք վերջինս դրական դերակատարություն ունի:

- Մենք ունենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Հաշվի առեք, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ։, Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ:

- Արդյոք դա խոչընդո՞տ է Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերություններում:

- Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ:

-Մենք չենք տեսնում Հայաստանի դեսպան Իսրայելում և Իսրայելի դեսպան Երևանում: Ո՞րն է ուղղակիորեն դեսպաններ չփոխանակելու պատճառը:

- Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես, մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում:

- Ենթադրում եմ, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններում առկա խնդիրներից մեկը կապված է ձեր հարևան Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները պնդում են, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել կապված հրադադարի խախտումների հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք Հայաստանն է խախտում հրադադարը:

-Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն` միջազգային հանրության դիրքորոշման հետ:

- Միջազգային հանրության դիրքորոշումը այն է, որ այդ տարածքները ադրբեջանական են, այդպես չէ՞:

-Դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Ինչպես ես ասացի, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար: Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, և մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, և, ի դեպ, սա նաև երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն` նաև միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը և նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը:

Սա է տարբերությունը մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանիզմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը: Իհարկե, եռանախագահ երկրները միջնորդներ են և միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց և հրապարակային ձևով։ Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխարգելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը:

-Որո՞նք են Ձեր սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, քանի որ գիտեմ, որ դա խնդիր է հանդիսացել երկու երկրների միջև:

-Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել:

-Այդ հարցի շուրջ ինչպիսի՞ն են Ձեր սպասումներն Իսրայելից:

- Ասացի այն, ինչ կարող էի ասել Ձեզ: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]