Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դամասկոսում լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք

Դամասկոսում լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսում լույս է տեսել արաբագետ-պատմաբաններ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանի համահեղինակած «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Այն Դամասկոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերեն լեզվով հրատարակված առաջին գիրքն է: Աշխատությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ ամբողջական կերպով ամփոփում է սիրիացի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Արաբական հեղափոխության մասնակից Ֆայեզ ալ-Ղուսեյնի ամբողջական հուշերը Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացվող ժողովածուն առաջին անգամ արևելահայերենով գիտական շրջանառության մեջ է դնում Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամբողջությամբ՝ թարգմանված արաբերեն բնագրից: Մինչ օրս հրատարակված հայերեն թարգմանություններն ամբողջական չէին և կատարվել էին, ոչ թե բնագրից՝ այլ  ֆրանսերենից:

Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կողմից գիտական նոր մեկնաբանությամբ հրատարակված թարգմանությանը կցվել են արաբերեն բնագրերը։

Ֆայեզ բին Զա՝ալ ալ-Ղուսեյնը (1833-1968թթ.) մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է Խարբերդի նահանգի Քյախթայի գավառապետը, այնուհետև աշխատել է Դամասկոսում որպես փաստաբան, ինչպես նաև եղել է Դամասկոսի խորհրդարանի պատգամավոր: 1915թ.-ի հուլիսին հակաօսմանյան արաբական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով նա ձերբակալվում է և աքսորվում Դիարբեքիր: Սակայն, վախենալով թուրքական իշխանությունների հաշվեհարդարից, Ֆ. ալ-Ղուսեյնը վեց ամիս անց հարկադրված է լինում դիմել փախուստի: Որոշ ժամանակ ապաստանելով Հնդկաստանում, վերադառնում է Հիջազ և միանում Օսմանյան կայսրության դեմ Արաբական հեղափոխությանը:

Դեպի Դիարբեքիր աքսորի ճանապարհին Ֆ. ալ-Ղուսեյնը ականատես է լինում հայերի հանդեպ Օսմանյան իշխանությունների իրագործած սարսափելի դաժանություններին, իսկ Դիարբեքիրում նա ծանոթանում է հայերի կոտորածի սահմռկեցուցիչ բազմաթիվ մանրամասներին: Այս ամենը ցնցող տպավորություն է թողնում Ֆ. ալ-Ղուսեյնի վրա և նա որոշում է գրի առնել իր հուշերը:

Բոմբեյում 2016թ.-ի սեպտեմբերին նա ավարտում է «Ջարդերը Հայաստանում» գրքի շարադրանքը, որտեղ նկարագրվում են հայերի բնաջնջման այն դրվագները, որոնց հեղինակն անձամբ ականատես է եղել, ինչպես նաև Դիարբեքիրում շուրջ վեց ամսվա ընթացքում իր կողմից հավաքագրած վկայությունները Ցեղասպանության մասին: Իր հուշերում արաբ ականատեսն անդրադառնում է պատմական կոնկրետ ժամանակաշրջանի՝ 1915թ.-ի օգոստոսից 1916թ.-ի փետրվար տեղի ունեցած դեպքերին, ինչով և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց Ցեղասպանության ականատեսների շարքում: Ֆ. ալ-Ղուսեյնը նաև անդրադառնում է Հայոց պատմության առանձին դրվագներին, հայկական կուսակցությունների գործունեությանը, հայ ազգաբնակչության վիճակագրությանը և այլն: Նրա նկարագրությունները հույժ կարևոր և հավաստի տեղեկություններ են հաղորդում Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի և ազգային բիրտ քաղաքականության մասին: Գիրքն իսկույն մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմաբանների, հայագետների և ցեղասպանագետների շրջանում: Այն թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արևմտահայերեն և այլ լեզուներով:   

Ֆ. ալ-Ղուսեյնը հեղինակ է մի շարք աշխատությունների, որտեղ մերկացնում է թուրքական իշխանությունների և, մասնավորապես, երիտթուրքական վարչակարգի դաժանությունները հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ արաբների և հայերի հանդեպ: 1939թ.-ին Դամասկոսում լույս է տեսնում Ֆ. ալ-Ղուսեյնի «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» գիրքը, որտեղ զետեղված են հայկական բնակչության հանդեպ թուրքերի գործած բռնությունների բազմաթիվ նկարագրություններ: Իր այս գրքում Ֆ.ալ-Ղուսեյնն առաջին անգամ հայերի կոտորածի վերաբերյալ գործածել է «ցեղասպանության» բառի արաբերեն համարժեք «իբադա» եզրույթը: Հարկ է նշել, որ «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատության մեջ տեղ գտած Հայոց Ցեղասպանության վկայություններն ընդհանրապես դուրս են մնացել հայագետ-ցեղասպանագետների տեսադաշտից: Այս վկայություններն առաջին անգամ Ա.Փոլադյանի և Լ.Սարգսյանի ժողովածուի մեջ ներկայացված են հայերեն և արաբերեն տարբերակներով:   

Ֆայեզ ալ-Ղուսեյնի աշխատությունները լուրջ հարված են հասցնում թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրած ժխտողական քաղաքականությանը, այն հանդիսանում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արաբալեզու կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է մանրամասն և արժանահավատ տեղեկություններ հայերի դեմ երիտթուրքերի գործած հանցագործությունների մասին, իսկ Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի ջանքերով դրանք հասանելի են դառնում ընթերքողների լայն լսարանին: 

«Սիրիացի Արաբ Ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց Ցեղասպանության մասին» ժողովածուն հրատարակել է Դամասկոսուի «Դար ալ-Շարկ» հրատարակչությունը: Գրքին կցված է հրատարակչության սեփականատեր, անվանի մտավորական, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի «Երախտագիտության» մեդալակիր դոկտոր Նաբիլ Տո՝մեի առաջաբանը, որը բարձր գնահատելով Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կատարած աշխատանքը, այն համարում է մեծ ներդրում Հայոց ցեղասպանության պատմության զանազան հարցերի ուսումնասիրության ասպարեզում»:                  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]