Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեզ հավատում ու վստահում են արդեն 97 տարի. ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյան

Մեզ հավատում ու վստահում են արդեն 97 տարի. ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա 
Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչի ընկերությունը մարտի 19-ին կտոնի հիմնադրման 97-ամյակը: Մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կառույց հանդիսանալով՝ ՀԿԽԸ-ն 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով իրականացնում է իր առաքելությունը: Մարդկային տառապանքները թեթեւացնելու մեկ նպատակի շուրջ համախմբելով մարդասիրության ուժը`  ընկերությունը մարդկանց սատար է կանգնում բարդ իրավիճակներում, որոնք կարող են խոցելիության պատճառ դառնալ: Հայկական կարմիր խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ:

-Արդեն գրեթե մեկ դար Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Մարտի 19-ը Հայկական կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է: Ի՞նչ ծրագրեր ունեք օրվա հետ կապված: Աջակցության ի՞նչ նոր ուղղություններ կկիրառեք մոտ ապագայում:

-Հայկական կարմիր խաչի ընկերությունն արդեն 97 տարի է, ինչ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականին, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետեւանքով տուժածներին: Առաջին ինքնաթիռները, որոնք օգնություն ցուցաբերեցին մեր ազգաբնակչությանը, Միջազգային կարմիր խաչի ընտանիքի ինքնաթիռներն էին: Այնուհետև, Ազգային ընկերության գործունեությունը տարեցտարի սոցիալական աջակցությունից վերաճեց զարգացման ծրագրերի: Մարտահրավերներին արձագանքելու համար հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, եւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք հետեւյալ ռազմավարական ուղղություններով` աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, «Որոնում» ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ-առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում:

Մեր գործունեության հիմքում ընկած է կամավորությունը, եւ մենք առաջնորդվում ենք շարժման  յոթ սկզբունքներով: Հայկական կարմիր խաչի ընկերությունը որպես կամավորական կազմակերպություն օգտագործում է կամավորության ողջ ներուժը, իսկ մեր կամավորները Հանրապետության ամենակարող ուժերից են:

-Ի˚նչ խնդիրներ կան ծառացած Հայկական Կարմիր խաչի ընկերության առջեւ:

- Ամբողջ աշխարհում մարտահրավերներն այնքան շատ են եւ աշխարհում այնքան առավել կարեւոր խնդիրներ են ի հայտ գալիս, որ գնալով մեզ ուղղվող միջազգային ռեսուրսները նվազում են: Հետևաբար,տեղական ռեսուրսների մոբիլիզացումը  այսօր երկրի ներսում շատ կարեւոր է: Մենք այն կառույցն ենք,որը կոչված է արձագանքել ազգաբնակչության խոցելիության նվազեցմանը: Մեր միջոցներն անսահմանափակ չեն, և բնականաբար մենք հստակ չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի աջակից լինենք առավել խոցելի խմբերին:  

-Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին, տարհանված բնակիչներին: Հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ի՞նչ է արվում հակամարտող կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման ուղղությամբ:

Որպես առաջին արձագանք, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ գործընկերությամբ  իրավիճակի և կարիքների գնահատում է անցկացրել, օգտագործելով մեր կառուցվածքը, որի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրվել է գումարային աջակցություն տեղահանված ընտանիքներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հոգեբանական աջակցություն է տրամադրվել հիվանդանոցներում գտնվող զինվորների ընտանիքներին:

Կարևորելով Կարմիր խաչի միջազգային շարժման դերը, կարողությունն ու նշանակությունը, Շարժման հետ համատեղ, մենք նախաձեռնել ենք  կոնֆլիկտային իրավիճակներում Շարժման արձագանքման պլանավորման գործընթացը՝ պատրաստ լինելու կոնֆլիկտային իրավիճակներում համատեղ համապատասխան արձագանք ցուցաբերելուն:

Մենք մեր գործունեությամբ նպաստում ենք համայնքների դիմակայունության բարձրացմանը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի արձագանքելու այս կամ այն մարտահրավերին: 

-Դուք նաեւ մեծ աջակցություն եք ցուցաբերում սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ի՞նչ նոր նախաձեռնություններ կան սիրիահայերի հետ կապված այս տարի:

-Մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր 2012 թվականի ապրիլին սիրիահայերի ներհոսքը Հայաստան: Առաջին իսկ օրվանից մենք արձագանքեցինք սիրիահայերի խնդիրներին, ընդգրկելով նրանց մեր արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացնում ենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ: Այսօրվա դրությամբ սիրիահայերին տարբեր ծրագրերի միջոցով աջակցել ենք  2.5-3 միլիոն դոլարի սահմաններում տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիտորինգ,սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղորդում, տնտեսական ինտեգրում և այլն:

Այսօր նպատակ ունենք Ավստրիական կարմիր խաչի հետ սկսելու մի նոր նախաձեռնություն, նոր մոտեցումով՝ ուղղված շահառուների տնտեսական ինտեգրմանը, որն իր հերթին կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը: Մեզ համար նպատակային է ապահովել մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպը:

-Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք  սոցիալ-առողջապահական խնդիրներ: Ի˚նչ նոր ծրագրեր կան այս ուղղությամբ:

-Սոցիալ-առողջապահական ոլորտում շատ մեծ նախագիծ ենք այս պահի դրությամբ իրականացնում Շվեցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի աջակցությամբ: Բացել ենք երկու կենտրոն` Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ծառայելու են տարեցների տնային խնամքին:

Սա Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որովհետեւ խոսքը գնում է սոցիալ-առողջապահական պրոֆեսիոնալ խնամքի մասին: Սա պիլոտային նախաձեռնություն է և հաջողության դեպքում մենք  նախատեսում ենք ընդլայնել գործունեության շրջանակները, տարածելով այն այլ համայնքներում և  մարզերում նույնպես:

Ազգային ընկերությունը առողջապահական ոլորտում աշխատում է մի շարք այլ ուղղություններում, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վնասի նվազեցում, առողջ ապրելակերպ:

Պարբերաբար իրականացվում են նաև կանխարգելմանը նպաստող իրազեկման միջոցառումներ, քանի որ պաշտպանված լինելու համար կարևոր է  իրազեկ ու նախապատրաստված լինելը: 

-Ի˚նչ վիճակագրություն ունեք Հայաստանում Ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ:

2012-2015  թվականներին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ իրականացրել է «Ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրում Հայաստանում» ծրագիրը:  Ծրագրի նպատակն է IMSMA համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:

Ծրագրի արդյունքում IMSMA տեղեկատվական բազայում հավաքագրվել է 585 տուժած `ՀՀ բոլոր մարզերից: Ամբողջ տեղեկատվությունը` համաձայն երկկողմանի համաձայնագրի փոխանցվել է ԿԽՄԿ, որն իր հերթին հանձնել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին»: Հետագա հավաքագրումը եւ դրա հետ կապված գործունեությունը իրականացվում է վերը նշված կենտրոնի կողմից, իսկ ԿԽՄԿ իր ծրագրերի միջոցով աջակցում է այդ ցանկում գտնվողներից առավել խոցելիներին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]