Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթե պարզվի, որ Արթուր Սարգսյանը մահացել է անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, բոլոր մեղավորները կպատժվեն. Շարմազանով

Եթե պարզվի, որ Արթուր Սարգսյանը մահացել է անբարեխիղճ վերաբերմունքի 
պատճառով, բոլոր մեղավորները կպատժվեն. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած հայ մարդու կորուստ ցավալի է:

«Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ես ցանկանում եմ ցավակցություն հայտնել, ցավում ենք և ցավակցություն ենք հայտնում: Այսօր լրագրողների հետ զրույցում նաև հանրապետության վարչապետն է իր ցավակցությունները հայտնել: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե Արթուր Սարգսյանը մահացել է կալանավայրի պայմաններին նրա հիվանդության ոչ համապատասխանելիության հետևանքով` Շարմազանովն ընդգծեց, որ Արթուր Սարգսյանի հացադուլի ժամանակահատվածում մի քանի անգամ նրան բուժող բժիշկներն առաջարկել են, որպեսզի նա քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է այդ առաջարկը: «Իմ ունեցած տեղեկություններով սա արձանագրված է, և ցանկության դեպքում կարող են այդ արձանագրությունները տեսնել»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որում կասկածի տակ են դրվում Սարգսյանի մահվան պատճառների վերաբերյալ բժիշկների գնահատականները` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ինքը բժիշկ չէ և չի կարող գնահատականներ տալ: «Եթե փաստաբանները կամ նրա հարազատները պնդում են, որ անհրաժեշտ է փորձաքննություն, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում: Եվ եթե այդ փորձաքննության արդյունքում պարզվի, որ նրա մահն անբարեխիղճ վերաբերմունքի պատճառ է, բոլոր մեղավորները միանշանակ կպատժվեն»,- նշեց նա:

Շարմազանովն անթույլատրելի համարեց այն ուժերի պահվածքը, ովքեր փորձում են Արթուր Սարգսյանի մահն օգտագործել նախընտրական դիվիդենտներ շահելու համար: «Սա անթույլատրելի է, սա մարդկային ողբերգություն է և մարդկային ողբերգության վրա դիվիդենտներ շահելը ես անընդունելի եմ համարում»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am