Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խաղաղություն Արցախին, ժողովրդավարություն Ադրբեջանին. Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հոդվածը «Liberation»-ում

Խաղաղություն Արցախին, ժողովրդավարություն Ադրբեջանին. Մուրադ Փափազյանի և 
Արա Թորանյանի հոդվածը «Liberation»-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը հոդվածը են հրապարակել «Liberation» թերթում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Ադրբեջանի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայում։ Այցելություն, որը չի կարող արդարացվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի մարտնչող քաղաքականությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտնչող դիրքորոշում ունեցող և իր երկրում հակալիբերալ գործունեությամբ հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայում։ Նույնիսկ եթե հրավերը դիվանագիտական նկատառումներով է արված, այս հրավերն ամեն դեպքում չի կարող արդարացվել ոչ էթիկայի տեսանկյունից, ոչ էլ հավասարության։ Մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահին ընդունելով՝ Ղարաբաղյան հակամարտությունում միջնորդ հանդիսացող Ֆրանսիան անկասկած փորձում է հակամարտող կողմերի միջև պահպանել հավասարությունը, սակայն հավասարություն միշտ չէ, որ արդար է։

«Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար կենսական և Ադրբեջանի համար ազգային հպարտության հարց է», նշել է նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը։ Կողմերի միջև քսաներեք տարի առաջ հրադադարի կնքումից ի վեր, այս հարցի հիմնադրույթները չեն փոխվել՝ նույնիսկ վատթարացել են։ Նավթի վաճառքից առաջացած գումարների շնորհիվ Ալիևը սպառազինությունների մրցավազքի մեջ է ներքաշել իր երկիրը։ Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտեցել է Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ին։ Ադրբեջանի նպատակն է տիրապետության տակ վերցնել քսաներեք տարի ի վեր անկախ ԼՂՀ-ն, անհրաժեշտության դեպքում՝ զենքի ուժով։ Այս ամենը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, որի սահմանները գծվել են 1921 թվականին Ստալինի կողմից։ Խոսքից անցում կատարելով գործողության՝ ադրբեջանական բանակը տարիներ շարունակ բազմապատկում է հրադադարի խախտումները, ինչը բազմաթիվ զոհերի և ամբողջ տարածաշրջանի ապակայունացման է տանում։ Մասնավորապես՝ 2016 թվականի 2-ին սկսված քառօրյա պատերազմը երկու կողմից հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ։

Ալիևի ռազմատենչ գործողությունները թե քաղաքական, թե բարոյական տեսանկյունից աններելի են, նախ և առաջ, որովհետև դրանք հակասում են Մադրիդյան սկզբունքներից հենց առաջինին, այն է՝ հրաժարվել ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Նման քայլերը նաև ոչնչի չեն հանգեցնի։ Առերեսվելով պատի՝ Հայաստանն այլ ելք չունի, քան դիմադրելը։ Հարյուր հիսուն տարի շարունակ լինելով պանթուրքիզմի և պանիսլամիզմի ցեղասպան նկրտումների թիրախ՝ տարածաշրջանում հայի ներկայությունը նվազել է այն աստիճան, որ տվյալ պահին նահանջել կնշանակի կորցնել ամբողջական ոչնչացման վտանգից պաշտպանող վերջին պատնեշը։

Ինչ էլ ասեն որոշ կոռումպացված քաղաքական գործիչներ, ալիևյան Ադրբեջանն ամենևին էլ հանդուրժողականության երկիր չէ, ինչպես դա ներկայացվում է։ Դա ամենից առաջ բռնատիրական և ռասիստ պետություն է, որը մեղավոր է ոչ միայն Ստեփանակերտում, Մարաղայում, Կիրովաբադում քաղաքացիական բնակչության ոչնչացման, այլև ռազմի դաշտից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ հայերի ջարդի համար, ինչպես Սումգայիթում, Կասպյան ծովի ափին կամ Բաքվում։ Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր հիստերիկ ատելությունը, բազմիցս կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունն անգամ՝ պնդելով, թե Հայաստանը ադրբեջանական տարածքում արհեստականորեն ձևավորված պետություն է։ Պանթուրքիզմով առանջնորդվելով՝ նա Էրդողանի հետ միասին հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են՝ մեկ ազգի։ Բաքվում, ինչպես և Անկարայում Հայոց ցեղասպանության մասին նույն ժխտողականությունն է քարոզվում։

Անտեսելով սեփական ժողովրդի իրավունքը՝ Ալիևը մարմնավորում է մի դինաստիական, կլանային, օլիգարխիկ ու բռնապետական իշխանություն, որը վերջին քսանհինգ տարիների ընթացքում բռնազավթել և շահագործում է Ադրբեջանի բնական հարստությունները: Ճնշելով ցանկացած ընդդիմություն դեռևս դրա ձևավորման սաղմնային փուլում, այսպես կոչված, Կովկասի «Բեն Ալի»-ի՝ Ալիևի բռնապետական ռեժիմը պարբերաբար քննադատության է արժանանում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր դրակոնյան գործելակերպի, քաղբանտարկյալների, խոշտանգումների կիրառման համար: Ըստ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության դասակարգման՝ Ադրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրից զբաղեցնում է 163-րդ տեղը: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դասակարգման՝ կոռուպցիոն ցուցանիշով Ադրբեջանը 176 երկրների շարքում 123-րդն է: Ալիևի անունը հաճախակի է հոլովվում «Պանամական թղթեր» անվանումը ստացած օֆշորային սկանդալի գործի շրջանակներում: Իսկ Եվրոպական կայունության նախաձեռնություն կողմից դեկտեմբերի 17-ին հրապարակված պայթյունավտանգ զեկույցը բացահայտում է Ադրբեջանի ռեժիմի կողմից Եվրոպայի Խորհրդի պատգամավորներին կաշառելու փորձերը: Չբավարարվելով միայն իր ազդեցության ոլորտներում վախ տարածելով՝ Ալիևյան ռեժիմը փորձում է իր ցանցը տարածել նաև միջազգային մակարդակում: Այսպիսով, Ալիևյան ռեժիմը հասավ նրան, որ Բելառուսը Բաքվին արտահանձնեց ռուս-իսրայելական ծագում ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերի 17-ին Մինսկի օդանավակայանում: Այս ազատամիտ մարդու միակ մեղավորությունը նրա հայամետ դիրքորոշումները և 2011-2012թթ. ընթացքում Լեռնային Ղարաբաղ կատարած այցելություններն էին, որոնք արվել են առանց «Ադրբեջանի թույլտվության», մի պետության, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում որևէ իրավասություն չունի այդ տարածքների նկատմամբ:

 

Սա է վերոնշյալ իրավիճակի պատասխանատուն, ով մարտի 14-ին հյուրընկալվելու է Ֆրանսիայի կողմից: Այսպիսին է բռնապետը, ում ձայնը լսելի կլինի Փարիզում, մինչդեռ նա լռեցնում է այդ ձայները իր երկրում ու տարածաշրջանում: Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ժողովրդավարությունը Ադրբեջանում. սա այն հանրահավաքի  կարգախոսն է, որը մենք կազմակերպել ենք երեքշաբթի՝ մարտի 14 -ին՝ ժամը 18:30-ին, Մարդու իրավունքների դատարանի մոտ, Տրոկադերոյում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]