Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գնահատվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մեծ ներդրումը կրթական ոլորտում

Գնահատվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մեծ 
ներդրումը կրթական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի գործունեության 25-ամյակի առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, բարձր գնահատելով հանրակրթական ոլորտի բարեփոխման գործում կազմակերպության ունեցած ներդրումը և կարևորելով վերջինիս իրականացրած դերը, դրա գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին և ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով:

«Հայաստանի անկախությունից հետո նախարարության բարդ, հետևողական աշխատանքի ընթացքում մեր կողքին եղել են կառույցներ, որոնք աջակցել են մեզ: Առանձնահատուկ տեղ ունի այս կազմակերպությունը, որի շնորհիվ մենք ունենք վերապատրաստված մասնագետներ, որոնք ազատ տիրապետում են տնտեսագիտության, մարդու իրավունքների և այլ ոլորտներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լևոն Մկրտչյանը:

 Նախարարի խոսքով` կազմակերպության շատ ծրագրեր կարելի է տարածել և համապետական դարձնել` անցնելով չափորոշիչային ծրագրի:

Արմինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախարարը մեծ ներդրում է ունեցել իրենց ծրագրերի իրականացման գործում` աջակցելով և օգնելով իր խորհուրդներով:

«Կարծում եմ` հաջողակ կազմակերպություն լինելու համար պետք է հասկանալ այսօրվա հրամայականը և հեռատես լինել»,-շեշտեց գործադիր տնօրենը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը հանրակրթության ոլորտում ուսումնական ծրագրեր է իրականացնում 1992 թվականից` Հայաստանի անկախացումից անմիջապես հետո:

Այդ ժամանակ երիտասարդ սերնդին շուկայական տնտեսության, ազատ ձեռնարկատիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության վերաբերյալ նոր գիտելիքներ հաղորդելու անհրաժեշտություն կար:

Կազմակերպությունն առաջինն էր, որն արձագանքեց այդ պահանջմունքին և ձեռնամուխ եղավ այդպիսի կրթության ապահովմանը:

Կազմակերպության իրականացրած ծրագրերի շնորհիվ Հայաստանի հանրակրթության ոլորտ ներմուծվեցին և պարտադիր առարկաներ դարձան «Քաղաքացիական կրթությունը», «Մարդու իրավունքները», «Տնտեսագիտությունը»: 2011 թվականից այդ առարկաներն ինտեգրվեցին «Հասարակագիտության» մեջ: Ծրագիրն իրականացվում է կազմակերպության հեղինակած դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների միջոցով:

1992 թվականից կազմակերպության կրթական ծրագրերին մասնակցել է 1000 000 աշակերտ, վերապատրաստվել 4500 ուսուցիչ,  20 տնօրեն,  30 դասախոս, որոնց մի մասը՝ ԱՄՆ-ում:

2011 թվականին կազմակերպությունը սկսել է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» արդիական ծրագիրը: Այն աշակերտներին զինում է պրակտիկ ձեռնարկատիրական և ֆինանսական գիտելիքներով,  հմտություններով ու կարողություններով: Այն հատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների շրջանում ֆինանսական գրագիտության խորացմանը, նորարարական ու ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը:  Ծրագրի շրջանակում աշակերտները հիմնում են բաժնետիրական գործարար ընկերություններ և իրականացնում իրական բիզնես գործառույթներ:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ը կազմակերպում և անցկացնում է ամառային ճամբարներ, աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառներ:

Կազմակերպությունն անդամակցում է Պատանեկան նվաճումների միջազգային և եվրոպական կառույցներին:

Այն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակում, համագործակցում է ՀՀ այլ պետական կառույցների, Կենտրոնական  բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային կառույցների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և գործարար ոլորտի այլ ընկերությունների հետ: Կազմակերպության ծրագրերը ֆինանսավորել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության JHM բարեգործական հիմնադրամը, HSBC բանկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]