Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները

«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գևորգ Մանուկյանին և նրա սխրանքի պատմությունը։ Նա պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության մեդալով» և ԼՂՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ 

Գևորգը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է։ Ընդամենը 20 տարեկան է։ Սովորում է Երևանի պետական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ասում է նպատակ ունի լավ ուսում ստանալ, մասնագիտանալ իր ընտրած ոլորտում ու հետագայում լինել լավ մասնագետ և աշխատել։ 

Խոսակցության սկզբում հարցրի` ի՞նչ երազանքներ ունի, պատասխանեց, թե երազանքներ չունի։ «Ավելի ճիշտ կլինի ասել նպատակներ, քանի որ, ըստ իս, երազանքները չեն կատարվում։ Դրանք այդպես էլ երազանք են մնում։ Ունեմ որոշ նպատակներ, որոնց ամեն կերպ փորձելու եմ հասնել»,- ասում է մեր պատմության նպատակասլաց հերոսը։ 

Հարցնում եմ` «ի՞նչ նախասիրություններ ունես, ինչո՞վ ես սիրում զբաղվել», ասում է փոքր ժամանակից սիրողական մակարդակով զբաղվել է «քիք-բոքսինգով»։ Մրցույթների չի մասնակցել։ Նա նաև նշեց, որ սիրում է գիրք կարդալ. «Բանակում՝ ծառայության ընթացքում, ազատ ժամանակ հիմնականում գիրք էի կարդում»: 

Խոսք գնաց բանակից. ասում եմ` «մի քիչ պատմիր ապրիլյան այդ քառօրյայի մասին» ու Գևորգը սկսեց հպարտությամբ պատմել. «Դեպքերը սկսվել են ապրիլի մեկի, լույս երկուսի գիշերը։ Ժամը 4-5-ի սահմաններում լսեցինք հակառակորդի հրետակոծության ձայները։ Այդ ժամանակ դիրքի ամբողջ անձնակազմով բարձրացել ենք խրամատ դիտարկում կատարելու։ Արդեն ժամը 5-6-ի հատվածներում դիվերսիոն խումբ էր ներթափանցել մեր գումարտակ։ Մոտ 70 հոգանոց խումբ էր, որը, ճեղքելով առաջնագիծը, հասել էր մինչև մեր գումարտակ։ Այդ ժամանակ մեր անձնակազմով կարողացանք համապատասխան գործողություններով արժանի հակահարված տալ և հետ շպրտել թշնամուն»: 

Մանրամասնորեն հիշեց, թե ինչպես է ադրբեջանական կողմը կիրառել օդուժ։ «Նրանց ուղղաթիռը, մոտենալով մեր առաջնագծին, սկսեց հրթիռներ արձակել մեր դիրքերի ուղղությամբ։ Առաջին ուղղաթիռը մի քանի կրակոց արձակելուց հետո արագ հեռացավ։ Հետո հաջորդ ուղղաթիռը, կրկին մոտենալով մեր դիրքերին, կատարեց նույն գործողությունները, որը դեսանտային ուժերով փորձում էր օգնել մեր գումարտակում գտնվող հակառակորդի դիվերսիոն խմբին։ ՄԻ-8 տիպի ուղղաթիռ էր, որի մեջ, մեր տվյալներով, 22 հոգուց ավելի անձնակազմ էր։ Ուղղաթիռում էր նաև նրանց հրամանատարը, ով գնդապետ էր։ Երբ տեսա մոտենալիս, այդ ժամանակ վերցրի իմ զենքը, մարտական վիճակի բերեցի, ընտրեցի հարմար մեկնարկային դիրք և խոցեցի այն»,- շեշտում է 20-ամյա երիտասարդը։ 

Ասում եմ` հերոսություն ես արել, ինչպես նաև մեծ վնաս ես պատճառել թշնամուն, ի պատասխան ասածներիս, նա նշում է, որ ինքն իրեն չի առանձնացնում մյուսներից՝ մյուս զինակից ընկերներից, ովքեր թեկուզ չեն արել ինչ-որ աչքի ընկնող մի բան, իհարկե նրանց նույնպես համարում է հերոս։ Գևորգը նաև մատնանշեց յուրաքանչուր զինվորի, ով կանգնում է ու կանգնած է սահմանին և իր ներդրումն ունի երկրի պաշտպանության հարցում։ «Ամեն մի զինվոր, ով կանգնում է խրամատում և թույլ չի տալիս, որ հակառակորդը գա առաջ, դա արդեն համարում եմ հերոսություն։ Ինձ չեմ տարբերում նրանցից։ Յուրաքանչյուր զենք կրող և սահմանին կանգնող զինվոր արդեն հերոս է»,- ասում է մեր պատմության հերոսը և հավելում, եթե նորից զգա, որ հակառակորդը փորձում է վերցնել մեր ձեռքից հայկական հողերը, միանշանակ նորից կգնա դիրքեր, պաշտպանելու հայրենիքը։ 

Գևորգին հարցրի` արդյոք ունի՞ ընկերներ, ովքեր մինչ այժմ ծառայում են, պատասխանեց. «Ունեմ մարտական ընկերներ, ովքեր ծառայում են, միշտ կապը կա նրանց հետ։ Նրանցից պարբերաբար տեղեկանում եմ, թե ինչ իրադրություն է սահմանին։ Տղաներին մաղթում եմ հանգիստ ծառայություն ու թող ոչ մի անգամ կրակոցի ձայն չլսեն ու ողջ և առողջ հասնեն իրենց ծնողների մոտ։ Դա ամենակարևորն է զինվորի համար»:  


Գևորգի հետ խոսակցությունը եզրափակեցինք այն հարցով, թե իր կարծիքով ինչ ուժ է օգնել նրան պայքարել մինչև վերջ այդ հերոսամարտում։ Նա առանց մտածելու, անմիջապես ասաց. «Ինձ փրկել է իմ թիկունքում եղած ուժը: Երբ զինվորը կանգնում է սահմանին և հասկանում է, թե ինչ ունի իր թիկունքում, ուժ է ստանում, որ կարողանա ողջ մնալ և կատարել իր առջև դրված խնդիրը։ Թիկունքում գտնվում են ընտանիքը, ընկերները, հարազատները և, իհարկե, հայրենիքը»:  

Լիլիթ Դեմուրյան 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]