Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ
ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենյաց լեռնանցքում դեկտեմբերի 6-ին տեղացած ձյան եւ բքի արդյունքում դժվարանցանելի վիճակ էր առաջացել Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին, ինչը հաղթահարելու համար ճանապարհաշինարարները այսօր առավոտվանից սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճանապարհի սպասարկումն ապահովող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, դժվարանցանելի վիճակ ստեղծվել է Ծաղկաշեն յայլաղատեղի մինչեւ Քարավանատուն ընկած մոտ 3 կիլոմետր հատվածում, որտեղ կուտակվել է ձյան հաստ շերտ:
«Առավոտվանից արդեն մաքրվում է ձյան շերտը, լայնացվում ճանապարհը երկկողմանի երթեւեկությունը լիարժեք ապահովելու համար, կատարվում է մշակման աշխատանքներ աղով եւ ավազով:Մշակվում են նաեւ ճանապարհի մյուս սառցակալած հատվածները: Օրվա ընթացքում կապահովվի ճանապարհի լիակատար անցանելիությունը»-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ստացված տվյալներով՝ թեեւ մարզի մյուս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, սակայն դրանք հիմնականում անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար:
Արեւոտ ու հանդարտ եղանակը հնարավորություն է տվել սպասարկող կազմակերպություններին՝ անխափան իրականացնելու ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում