1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին

«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների 
կողքին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Տիգրան Հախվերդյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Տիգրանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսում։ Ատամնաբույժի մասնագիտացում է ստանում. «Միշտ ցանկացել եմ դառնալ բժիշկ, բանակ գնալուց առաջ ընդունվել եմ ու գնացել եմ բանակ։ Առաջին նպատակս է եղել ընդունվել համալսարան, որը իրականացրել եմ։ Այժմ կարևոր է, որ կարողանամ լավ բժիշկ դառնալ։ Աշխատում եմ այդ ուղղությամբ»:

Մեր պատմության հերոսն իր երազանքների մասին խոսելիս, ասում է. «Հատուկ երազանքներ չունեմ։ Դժվար է ասել, թե որոնք են իմ երազանքները, ավելի շուտ նպատակներ են, որ աշխատում եմ իրականացնել դրանք»:


Տիգրան Հախվերդյանը փոքր ժամանակ զբաղվել է սպորտով՝ կարատեով, այժմ չի զբաղվում։ Ասում է, որ մեկ անգամ մասնակցել է մրցույթի, զբաղեցրել առաջին տեղը։ Ընդամենը մեկ տարի է զբաղվել կարատեով: Համեստ այս երիտասարդի հետ զրուցելիս, խնդրեցի նրան նաև պատմել և մի փոքր վերհիշել քառօրյայի ընթացքում անցած իր ճանապարհը, ապրումները։

«Սկզբում խփում էին ականանետերով... սովորական էր, որովհետև առաջին անգամ չէր։ Բայց չէինք սպասում, որ այդքան լայնամասշտաբ կլինի։ Ռադիոկայանը միշտ ինձ մոտ էր լինում, խոսակցությունները լսեցինք, ամեն ինչ պարզ դարձավ, որ սովորական բան չի, պատերազմ է սկսվել։ Այդ պահին մեր հրամանատարը չէր կարող մեզ հրաման տալ, քանի որ իր դիրքի ուղղությամբ էին կրակում։ Մենք էինք որոշում ինչ անել։ Մի դիրք կար, որ այդ ժամանակ վերցրել էր հակառակորդը, այնտեղից մեր դիրքի վրա կրակելը շատ հեշտ էր։ Նրանք մեզնից բարձր էին ու, քանի որ դիրքում ութ հոգի է լինում, չորս հոգով դուրս էինք գալիս, կրակում այդ ուղղությամբ, հետո փոխվում մյուս չորսի հետ»:

Պատմում է, որ հակառակորդը եղել է մոտ 1 կմ հեռավորության վրա, անգամ ավելի քիչ, մոտավորապես 500 մ։ Տիգրանը, սակայն, համեստորեն չի ցանկանում խոսել իր սխրանքի մասին, բայց երբ նրան համոզում ես, որ Սաշա անունով իր ծառայակցի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելը հենց հերոսություն է ու շատ մարդկային քայլ, պատասխանում է, որ չի սիրում, երբ իրեն հերոս են անվանում և ավելացնում. «Ես համարում եմ հերոս օրինակ Ադամ Սահակյանին, նա իմ վաշտից էր, հենց այն դիրքից, որը գրավել էին»:


Հարցնում եմ «իսկ ի՞նչ ուժ է քեզ փրկել», պատասխանում է. «Ինձ թվում է կոնկրետ ուժ չկա, որի շնորհիվ ես ողջ եմ մնացել։ Հենց իմ դիրքում ես այնպիսի մարդ չեմ տեսել, ով մտածում էր ողջ մնալ։ Բոլորը մտածել են պաշտպանել մինչև վերջ, ինչ գնով էլ լինի»: Վերհիշում է դիրքի ավագի խոսքերը` փախչողին մեջքից են խփում, ուրեմն ավելի լավ է դիմացից խփեն:

Պատմության հերոսը, իհարկե, հիշում է նաև իր մարտական ընկերներին, ովքեր մինչ այժմ ծառայում են ու իր մաղթանքն ուղղեց նրանց. «Մարտական ընկերներիս մաղթում եմ խաղաղություն, թող պինդ մնան։ Հարկ եղած դեպքում էլ ես պատրաստ եմ գնալ և կանգնել նրանց կողքին։ Անպայման կգնամ, բայց հույս ունեմ, որ այլևս այդպիսի օրեր չեն լինի»:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]